Ստեփանակերտում կայացել է Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը
Հունիսի 22-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է ԱՀ և ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Բաղդասարյանի՝ «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՀ Գրողների միության նախաձեռնությամբ։ Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչությունում։
«Արցախպրես»-ի հետ զրույցում Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ «Տունդարձի ճանապարհին»-ը իր վեցերորդ գիրքն է։
«Խորագրի ընտրությունը պատահական չէր, այն նախորդ` «Պատերազմից հետո» գրքիս շարունակությունը դարձավ: Պատերազմից հետո տունդարձի ճանապարհը բռնած արցախցու հոգեվիճակն է այստեղ։ Այդ ճանապարհին արցախցին յուրովի է մեկնաբանել իրողությունը. հայտնվելով այդ ճանապարհին, անշուշտ, տարբեր զգացողություններով է հասել Արցախ և շարունակել ապրել այստեղ։ Գրքում տեղ են գտել վերջին շրջանում գրած ստեղծագործություններս, որոնցում արցախցու ոչ միայն մտահոգություններն են, հոգսն ու ցավը, այլև՝ սպասելիքները ապագայի հանդեպ»,-նշել է հեղինակը։
Գրքի խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանի համոզմամբ՝ այն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։
«Ալիսա Բաղդասարյանը, կամա թե ակամա, իր գրքում անդրադառնում է Աստվածաշնչյան կոորդինատային մտքին՝ «Անցյալը պատռոտված լաթի պես դարձել է ներկայի զգեստ»։ Գիրքը յուրօրինակ ապրելու համար պայքարի տարածություն է։ Նրա գեղարվեստական մտածողությունը սերտորեն առնչվում է ժամանակի և տարածության կատեգորիաներին, որտեղ բացահայտվում է հեղինակի բանաստեղծական լեզվի նոր իմաստավորումը, ընդգծվում այդ լեզվական ձևերի ճշգրտությունն ու արտահայտչականությունը»,-ընդգծել է խմբագիրը։
Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանն այն համոզմունքն է հայտնել, որ գիրքն ընթերցելիս անհնար է չտեսնել պատերազմի ժամանակ, պատերազմում ապրող կնոջը։
«Գրքում ողբերգություն, սիրո ցնծություն ու խոստովանություն կա։ Ուրախ եմ, որ այսօր գիրք է հրատարակվում, և մենք զգում ենք գրքի հոտը»,-նշել է Ն. Գասպարյանը։
Գրող, բ.գ.թ, դոցենտ Զարինե Սառաջյանը մեզ հետ զրույցում կարևորել է Արցախում հերթական գրքի լույսընծայումը։
Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Արցախցուն տարբեր ճնշումների են ենթարկում, բայց նա ոչ միայն դիմադրում է, այլև շարունակում է արարել, ստեղծում է գրքեր։ Ալիսա Բաղդասարյանն Արցախում ապրող մայր է, ով հայրենի հողում երկու զավակ է մեծացնում, և իր սրտում կրում այն բոլոր ցավերն ու տագնապները, որոնք բնորոշ են այստեղ ապրող մորը։ Նա բոլոր հույզերը կարողացել է գեղարվեստորեն պատկերել բանաստեղծությունների միջոցով»,-նշել է Զ. Սառաջյանը։
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի գրչընկերները, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան