«Ժողովուրդ». Եկեղեցին անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգևորականներին: 2018թ. հեղափոխականների իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երևույթ. «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնություն էր ձևավորվել, որի անդամներն ընդդեմ կաթողիկոսի ակցիաներ էին իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը:
Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում և ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», – հայտարարում էր նա:
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Այն, որ Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերևս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը և իշխանության ներկայացուցիչներն այլևս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին և տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել:
Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք այս իրավիճակում Եկեղեցին կիրառի այս գործիքը Նիկոլ Փաշինյանի դեմ, որքանով է կիրառելի բանադրումը հիմա: «Նախ՝ բանադրանքի գործիքն արդեն 200 տարուց ավել է՝ Եկեղեցին չի կիրառում: Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգևոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգևոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը:
Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է»,- բացատրեց Սրբազանը: Այսպիսով, Եկեղեցին թերևս անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները