Արցախում մոտ 1490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ ներկայացնելով շրջափակման 194-րդ օրվա դրությամբ երկրում առկա իրավիճակը։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո վերջերս վերականգնված տեղափոխումները արդեն 9 օր է՝ լրիվությամբ ընդհատվել են։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 209 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (194 օրվա ընթացքում մարդկանց 475,300-ի փոխարեն՝ 2,276 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 62 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (194 օրվա ընթացքում 178,480-ի փոխարեն՝ 2,889 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 0 մուտք և ելք:
Շուրջ 14 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (194 օրվա ընթացքում մոտ 77,600 տոննայի փոխարեն՝ 5,677 տոննա, որից վերջին 3օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 128 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 165 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 368 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 41 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Կարևոր փաստեր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը:
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի:
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։
Հարակից հրապարակումներ`
- «Ամոթ մեզ բոլորիս, որ թույլ ենք տվել ու վեց ամսից ավելի է Արցախը շրջափակված է»
- Արցախի ՄԻՊ-ը՝ միջազգային կառույցներին. 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների
- Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում
- Արցախի առողջապահական համակարգում ճգնաժամը խորանում է
- Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին
- Ավանեսյան. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում
- Այլընտրանքային նախագծեր. Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- «Միջազգային հանրույթ» կոչվածը Ադրբեջանին խրախուսում է անցնել «հակաահաբեկչական գործողությունների».Գևորգ Դանիելյան
- Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք
- Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարդկային ջանքեր են պահանջվում. ՄԻՊ
- Բեգլարյան. Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին