Ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Որպես ազգ և պետություն մեր հիմնական պատրանքներից մեկը եղել և հիմա էլ մասամբ մնում է այն, որ կարելի է խուսափել Բաքվի բռնապետի ստեղծած բարբարոս և առավելապաշտ վարչախմբի հետ անխուսափելի պատերազմից։
Իհարկե, խուսափել հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ հանձնվելով նույն այդ թշնամու «ողորմածությանը»՝ նույն այն իբրև թե ողորմածությանը, որն իրականում գոյություն չունի, այսինքն ազգովի փաստացիորեն բռնելով կառափնարանի ուղին։
Հետևաբար ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում, և այս համատեքստում իրական համազգային օրակարգի հարցադրումներն ու վերլուծությունները տեղավորել ոչ թե այն շրջանակում, թե ինչո՞ւ չի հաջողվել խուսափել պատերազմից կամ դադարեցնել այն, այլ թե ինչո՞ւ չի գիտակցվել, որ պատերազմն անխուսափելի է և դրանում չի գրանցվել հաղթանակ»։