Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը կոչ է արել մարդկանց զերծ մնալ Դոնի Ռոստովի կենտրոն գնալուց և հնարավորության դեպքում չլքել իրենց տները։ Այս մասին ասվում է շրջանի ղեկավարի Telegram ալիքում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրում եմ զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելություններից և հնարավորության դեպքում չլքել ձեր տները»,- գրել է նա:
Մարզի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև քաղաքային բոլոր համակարգերի գործունեությունը պահպանելու ուղղությամբ։ Բացի այդ, հավելել է նա, մարզում ժամանակավորապես կփոխվի տրանսպորտի երթևեկության սխեման։
Գոլուբևը խնդրել է հանգստություն պահպանել և վստահեցրել, որ իրավապահ մարմիններն անում են անհրաժեշտ ամեն ին ՝ բնակչությանը պաշտպանելու համար:
Նահանգապետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները, որոնք նախատեսված էին հանգստյան օրերին Դոնի Ռոստովում։
«Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ, քաղաքի կենտրոն են բերվել զինվորներ և ոստիկաններ։ Բացի այդ, ամբողջությամբ արգելափակվել է Մ-4 «Դոն» ավտոմայրուղու Ակսայի ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունը։
Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ ամեն ինչ ՝ Ռոստովի մարզի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան «Վագների» վարձկանները մտել են Ուկրաինայից քիչ հեռու գտնվող Դոնի Ռոստով քաղաք:
Նշենք, որ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան