Արշամյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2022 թվականին իրականացրել է 17 միլիարդ 600 միլիոն դրամի ավելի քան 40 լայնածավալ ծրագիր, որոնց մի մասը երկարաժամկետ, շարունակական ծրագրեր են։ Միայն Արցախում իրականացվել է դրանից շուրջ 15 միլիարդ դրամի ծրագիր. բնակարանաշինություն՝ 10,3 միլիարդ դրամ, ճանապարհաշինություն՝ 4,3 միլիարդ դրամ, ջրամատակարարման ծրագրեր՝ 360 միլիոն դրամ։ Երևանում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 33–րդ նիստին հայտարարեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նա նշեց, որ հիմնադրամն իր գործունեության թիրախում է պահում Հայաստանի համայքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում արժանապատիվ ապրելուն։
«Կարծում եմ՝ սահմանային համայքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում և այս տարվա դրամահավաքները ևս պետք է լինեն 2022 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ։ Դրանով հիմնադրամը կապահովի թե ծրագրային ճկունությունը, թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները»,- ասաց Հ.Արշամյանը։
Նշենք, որ նիստի ընթացքում ներկայացվում է Հիմնադրամի 2022 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը: Նիստին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ:
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ հիմնադրամն իրականացրել է լայնածավալ աշխատանքներ. «2022-ին հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականի պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրադրության պայմաններում մեր հայրենակիցների խնդիրները ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն։
Հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ և հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայման է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար: Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա