
«Փաստ». Ո՞ւմ են պետք նման բանաձևերն ու որոշումները, եթե արդյունք չունեն
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում բանաձև է ընդունվել Բերձորի, թշնամական տարբերակով՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ: ԵԽԽՎ-ն մասնավորապես արձանագրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, ապա կոչ է ուղղել Ադրբեջանին, որ անհապաղ կատարի հայտնի դատարանի վճիռը:
Նաև կոչ են արել Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։ ԵԽԽՎ այս բանաձևը հատկապես իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական արևմտամոլները սկսեցին գնահատել որպես մի աներևակայելի հաղթանակ, չգիտես թե՝ էլ ինչ ձեռքբերում, նվաճում և այլն: Իսկ փաստն այն է, որ Ադրբեջանը հոնքն էլ չի շարժել, և Արցախի համընդգրկուն շրջափակումը շարունակվում է, վիճակը, բնականաբար, ավելի ու ավելի է վատացել:
Ինչպես և Արդարադատության միջազգային դատարանի որոշման դեպքում: Միջազգային ատյանների հասցեական հայտարարությունները շատ կարևոր են: Սա չի քննարկվում: Սակայն պարզից էլ պարզ է, որ ԵԽԽՎ բանաձևը նույնպիսի մի «թղթե շերեփ» է, ինչպիսին Հաագայի դատարանի վճիռը՝ նույն թեմայով ու Ադրբեջանին ուղղված նույնաբովանդակ պահանջով: Իսկապես, շատ ապրի ԵԽԽՎ-ն, ու Հաագայի դատարանն էլ՝ շատ կեցցե, որ նման մարդասիրական բանաձև ու որոշում են ընդունել: Ու՝ ի՞նչ: Այսինքն, իրենք իրենց առավելագույն պարտքը համարում են միայն ինչ-որ թղթեր ընդունելը, և՝ վե՞րջ:
Ո՞ւմ են պետք նման բանաձևերն ու որոշումները, եթե արդյունք չունեն, եթե «համեմված» չեն Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների դիմելու գոնե ակնարկով, էլ չենք ասում՝ հետևանքով: Նրանք այնտեղ գոնե թեթևակի հասկանո՞ւմ են, որ ինչոր դրական շարժ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանին ուղղված կոչերի ետևում պատժի սպառնալիք էլ կա: Իսկ եթե չկա, ապա դա ընդամենը թուղթ է, թղթե շերեփ՝ «թղթե շերեփների» հավաքածուից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին