Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին երևի թե արժանացավ Կարսի Առաքելոց եկեղեցու ճակատագրին. Ճարտարապետ Հրաչյա Գասպարյան
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Բերձորը, այդ թվում Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամուն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ը։ Մինչ այդ եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։
Եկեղեցին կառուցվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Panorama.am-ը զրուցել է եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի հետ։
Panorama.am-Պարոն Գասպարյան, երբ լսեցիք լուրը, որ Ձեր կառուցած եկեղեցին վերածվելու է մզկիթի, երբ տեսաք լուսանկարներ, ինչպիսի՞ զգացողություն ունեցաք։
Հրաչյա Գասպարյան- Այդ զգացողությունն արտահայտելու համար բառեր չեմ գտնում։ Այն ժամանակներում՝ 1995-1998 թվականներ, երբ կառուցում էինք եկեղեցին, դեռ չկային ճանապարներ, Երևանից այնտեղ հասնելը շատ անգամ տևում էր մինչև 7-8 ժամ։ Պատկերացրեք՝ 5 տարի, անձնակազմի, Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ, ինչ ապրումներով, մտքերով, երազանքներով կառուցեցինք այդ եկեղեցին ու այսօր ոնց որ քո երեխաներից մեկին պահ ես տվել օտարին։ Թե ինչ կլինի նրա հետ, Աստված գիտի։ Երևի թե արժանացավ նույն ճակատագրին, ինչի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի։
Հուսանք՝ կգա ժամանակներ, նորից մեր ձեռքին կհայտնվի այդ հրաշքը և արդեն ինչ ցավեր, ինչ տառապանք էլ տեսած լինի, կամոքենք։
Շուտով հնարավոր է նույն ճակատագրին արժանանա իմ առաջին վերականգնած եկեղեցին. 1975 թվականին վերականգնել եմ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հենց անմիջապես եկեղեցու կողքով էր անցնում սահմանը։ Մենք վերականգնեցինք այն։ 45 տարի առաջ։ Իմ առաջին վերականգնած եկեղեցին։ Հիմա լուրեր են պտտվում անկլավների հետ կապված, այդ դեպքում նորից պետք է հատուկ անցաթղթերով գնանք, մոտենանք Ոսկեպարի եկեղեցուն։ Պարադոքս է։
Panorama.am-Պարոն Գասպարյանը, երբ եկեղեցին կառուցում էիք, դնում քարը քարի վրա, խաչը դրվեց գմբեթին, օծվեց, Ձեր մտքով անցնո՞ւմ էր, որ կարող է մի օր մերը չլինել։
Հրաչյա Գասպարյան-Այն ժամանակ պաթոսն այնքան ուժեղ էր... Մեր ապրումները, մեր ազատագրած հողերը։ Համարում էինք, որ մեր հետ բերած տարածքներում առաջին կառուցած եկեղեցին էր։ Այդպիսի խոհեր, մտքեր բնավ մտքիս չէր գալիս։
Հետաքրքիր մի բան ասեմ. այն ժամանակ, երբ Ալեքսանի հետ գնում էինք, մթնշաղին մոտեցանք Լաչինին։ Հաջորդ օրը պետք է տեղն ընտրեինք, թե որտեղ է կառուցվելու եկեղեցին։ Երբ մտնում էինք Լաչին, տեսա հարթավայրը, որը տանում է Արաքսի հովիտ։ Այսինքն, այդ բարձունքը հսկում էր Աղավնո և Հակարի գետերի միացումը, որը պետք է տանի ու թափվի Արաքս, այդտեղից շատ լավ երևում էին նաև Տեղ գյուղի բլուրները։ Ընտրեցիքն հենց այդ տեղը, որպեսզի նաև մեր կողմից տեսնենք, միշտ հսկողության տակ պահենք։
Panorama.am- Հավատո՞ւմ եք, որ մի օր կվերադառնա մեզ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ու որպես վերականգնող ճարտարապետ՝ հնարավո՞ր է նույնությամբ վերականգնել եկեղեցին։
Հրաչյա Գասպարյան-Նախ՝ իմ տարիքը, երկրորդ՝ այս ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարծում, որ մեկ մարդկային կյանքի ընթացքում այս բոլորը նորից կվերադարձվի։ Աստված տա գա մի սերունդ, լինի ձեր ասածը ու հայը հաստատ շատ հեշտությամբ, եթե խաթարված բաներ լինեն, նույնությամբ կվերականգնի։
Բայց միևնույնն է, ուզում ես վրան մահիկ դիր, ... միայն մի քանդիր, հասկացողը, նույնիսկ այլ ազգից, միայն տեսնի, կհասկանա, կզգա, որ հայկական է։
Եկեղեցին նախագծելուց մեր ավանդական ճարտարապետության սկզբունքները պահել ու պահպանել եմ։ Այն մեր հայկական դասական ճարտարապետության մասն է։
Մենք՝ այստեղ ապրողներս, պետք է դողանք մեր նախնիների թողած ժառանգության վրա։ Եթե ազգն ուզում է գոյատևել, հարատևել, դրա համար մի բան կա՝ պետք է հրաշալի իմանա իր նախնիների թողած ժառանգությունը, արժևորի ու պահպանի։ Այլ ճանապարհ չկա։ Եթե մենք մեր ստացած ժառանգության նկատմամբ անտարբեր լինենք, այդ դեպքում ավելի լավ է թողնել բնության քմահաճույքին. բնությունն ավելի լավ կպահի, քան մարդը, գոնե չի խաթարի էլի։
Panorama.am-Շնորհակալություն։
Հրաչյա Գասպարյան-Տխուր տրամադրությամբ է, հուսանք լավ ժամանակներ կգան։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
- Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել էր Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
- Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org
- Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան