Սա հարված է թիկունքից․ Պուտին
Ռուսական զորքերը ստացել են անհրաժեշտ հրաման՝ չեզոքացնելու նրանց, ովքեր կազմակերպել են զինված ապստամբությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում:
«Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների անձնակազմին, այն մարտիկներին և հրամանատարներին, որոնք այժմ մարտնչում են իրենց մարտական դիրքերում, հետ են մղում հակառակորդի գրոհները, դա անում են հերոսաբար։ Այսօր ևս մեկ անգամ խոսեցի բոլոր ուղղությունների հրամանատարների հետ ։ Դիմում եմ նաև նրանց, ում խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, մղել ծանր հանցագործության՝ զինված ապստամբության:
Սա պայքար է, երբ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միավորում, միասնականություն, համախմբում և պատասխանատվություն։ Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, ցանկացած կռիվ, որից կարող են օգտվել մեր արտաքին թշնամիները՝ ներսից մեզ խարխլելու համար:
Մեր միասնությունը պառակտող գործողությունները, ըստ էության, ուխտադրժություն են մեր ժողովրդից, մեր զինակիցներից, որոնք հիմա կռվում են ճակատում։ Սա հարված է թիկունքից մեր երկրին ու մեր ժողովրդին»,- ասել է Պուտինը։
Նա նաև հավելել է․
«Այն, ինչին մենք բախվել ենք, հենց դավաճանություն է։ Ամբիցիաներն ու անձնական հետաքրքրությունները բերեցին դավաճանության, դավաճանություն սեփական երկրի, սեփական ժողովրդի և այն գործի հանդեպ, որի համար ճակատ ճակատի մեր մյուս զորամասերի ու ստորաբաժանումների հետ կռվել ու զոհվել են նաև «Վագների» մարտիկներն ու հրամանատարները»։
Հիշեցնենք, որ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՌԴ ՊՆ-ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
- Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին