Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանությամբ է հանդես եկել ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների կապակցությամբ.
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում:
Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոնին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:
Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։
Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն դժգոհ է, որ Արցախի իշխանությունները չեն ընդունում իրենց օգնության առաջարկը
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան
- Արցախի ԱԳՆ-ն կոչով դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին
- Արցախի ՄԻՊ-ը՝ միջազգային կառույցներին. 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների
- Արցախից՝ ԵԽԽՎ-ին. Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք եբ պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան