Բաքուն դժգոհ է, որ Արցախի իշխանությունները չեն ընդունում իրենց օգնության առաջարկը
«Բաքուն բացասաբար է արձագանքել Ղարաբաղի հայերի իրավունքների վերաբերյալ բանակցությունների Երևանի առաջարկին»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Այդ երկրի դիվանագիտական գերատեսչությունն անընդունելի է համարել Երևանի՝ հայերի իրավունքների ու անվտանգության հարցի չարաշահման փորձերը։
«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարության երեկ տարածած հայտարարության։
Նրանք հավելել են, որ «Ղարաբաղի հայ բնակիչների շահերը ներկայացնող անձինք ամեն կերպ հրաժարվում են Բաքվի առաջարկած օգնությունից»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ»։
Հարակից հրապարակումներ`
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան
- Արցախի ԱԳՆ-ն կոչով դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին
- ԱԳՆ. ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական
- ՄԻՊ. Ադրբեջանի կողմից արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու ազդակ է
- Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է․ Նաբիլա Մասրալի
- Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան