Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել Եվրոպական ամառային երրորդ խաղերում
Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով մրցութային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Խաչիկյանը քառորդ եզրափակչի իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեոն Բալբաչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժերը կչափի բելգիացի մարզիկի հետ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Լյուսի Տեր-Դավթյանը, Գոռ Սարգսյանը և Արմեն Գրիգորյանը, պարտություններ են կրել և լքել պայքարը:
Հայ բռնցքամարտիկներից երեկ պայքարի են դուրս եկել Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Անի Հովսեփյանը: Մադոյանը 71 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է Մոնտենեգրոն ներկայացնող Շտեֆան Սավկովիչի հետ և վստահ հաղթանակ է տարել՝ 5-0 հաշվով:
Տպավորիչ հաղթանակով է մեկնարկել նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը. 1/16 եզրափակչում 25-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի հետ և երեք ռաունդներում ունենալով բացարձակ առավելություն` հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0:
«Առաջին մենամարտն էր. բավական բարդ ստացվեց, բայց ուրախ եմ, որ կարողացա հաջողությամբ ավարտել ու հաղթանակի հասնել: Ծանոթ էի սերբ մրցակցին ու դա ինձ շատ օգնեց»,- մենամարտից հետո ասել է Չալոյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Անի Հովսեփյանը ցավալի պարտություն է կրել մեկնարկում: 1/16 եզրափակչում նա մենամարտել է EOC փախստականների թիմը ներկայացնող, 24-ամյա Ջանկեու Նբամբայի հետ և մրցավարների որոշմամբ զիջել 0-5 հաշվով:
Հայ բռնցքամարտիկներից երեկ ռինգ է դուրս եկել նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը՝ իր երկրորդ մենամարտն անցկացնելով Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում ուժերը չափել է հունգարացի Ռիչարդ Կովադսի հետ և ծանր մենամարտում զիջել 1-4 հաշվով: 63,5 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Հովհաննիսյանն ավելի վաղ 3:2 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվի նկատմամբ:
Եվրոպական ամառային երրորդ խաղերում ելույթները շարունակում են նաև ջրացատկորդները: Երեկ կայացել են տղաների սինքրոն 10մ. աշտարակացատկի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացրել է Վլադիմիր Հարությունյան-Մարատ Գրիգորյան երկյակը:
Հայ ջրացատկորդները 306.42 միավորով զբաղեցրել են վերջին՝ 7-րդ հորիզոնականը: Չեմպիոնի կոչումը նվաճել են Ուկրաինայի ներկայացուցիչները, երկրորդ տեղում՝ իտալացի, իսկ երրորդ տեղում բրիտանացի մարզիկներն են:
Ավելի վաղ Հայաստանի ջրացատկի հավաքականը Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան կազմով մասնակցել էր խառը զույգերով 3 մ. և 10 մ. ցատկերի թիմային առաջնությանը: Մեր քառյակը վաստակել էր 215,85 միավոր և 9 մասնակիցների պայքարում գրավել 8-րդ տեղը: Հունիսի 27-ին Մարատ Գրիգորյանը հանդես կգա 10 մ. աշտարակացատկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան