Ովքե՞ր են հակառուսական տրամադրություններ տարածում. Ղուկասյանը մոնիտորինգի արդյունքներ է ներկայացնում
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն ուսումնասիրել է իշխանական 6 տեղեկատվական ռեսուրսներ, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամաբ ոչ բարյացկամ վերաբերմունք ունեցող գործիչների սոցէջերը։ Մոնիթորինգը վերնագրված է «Ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ մանիպուլյացիոն հոսքերը հայկական տեղեկատվական դաշտում»։
«Ընդդիմադիր լրատվամիջոցները չեն դիտարկվել, քանի որ դիտարկման հիմնական նպատակը մանիպուլյատիվ հոսքերի բացահայտումն էր, որոնք բաշխվում են հիմնականում իշխանամետ և արևմտամետ ռեսուրսներով»,-հայտարարել է Ա. Ղուկասյանը։
Նրա դիտարկմամբ, հունիսին ռուս-հայկական հարաբերությունների թեմաները և ՀԱՊԿ-ի շուրջ նորությունները այդ տեղեկատվական ռեսուրսներում լուսաբանվել են հետևյալ կերպ՝ դրական լուրեր՝ 7, բացասական՝ 188, չեզոք՝ 156: Հիմնականում գերակշռում են բացասական երանգավորմամբ նորությունները, չեզոք լուրերն (44%) արտացոլում են միայն ռուս-հայկական հարաբերությունների ֆորմալ մասը կամ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները։
«Տեղեկատվական հոսքերում դրական լուրերը շատ քիչ տոկոս են կազմում՝ 2%: Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության, ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի մասին գործնականում օբյեկտիվ տեղեկատվություն չկա, ռուս-հայկական երկկողմ օրակարգի շրջանակներում ռուսական կառույցների և ընդհանուր առմամբ Ռուսաստանի կողմից տարվող աշխատանքի մասին ոչինչ չկա։ Բացասական լուրերը (53%) հիմնականում տարածում են ոչ միայն արևմտամետ լրատվամիջոցները, այլ նաև իշխանամետ ռեսուրսները»,-նշել է նա։
ՀԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում վերլուծական ու փորձագիտական հաղորդումների շրջանակներում հիմնական բանախոսները արեւմտամետ հասարակական-քաղաքական գործիչներն են։
Փորձագետը, վկայակոչելով մոնիտորինգի արդյունքները, նշել է, որ հակառուսական քարոզչության հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս-հայկական երկկողմ օրակարգը, Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիան։
«Այս լրատվամիջոցները Ռուսաստանին մեղադրում են, իբր Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանին Սյունիքում միջանցք տրամադրելու համար, կամ գրում են, որ Ռուսաստանը պահանջում է Փաշինյանից զիջումների գնալ Բաքվին և միևնույն ժամանակ սադրում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա»,- ներկայացրել է Ղուկասյանըն ու դրանք կեղծ լուրեր որակել։
Նա մանիպուլյատիվ է որակում նաև այնպիսի լուրերը, ինչպիսիք են «Ռուսաստանը զոհաբերեց իր դաշնակից Հայաստանին Անկարայից և Բաքվից լոյալություն ձեռք բերելու համար», «ՀԱՊԿ-ը հրաժարվել է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին և օգնում է Բաքվին» և այլն։
Նույն թեզերը, օրակարգերն ու մեղադրանքներն է նա նկատել նաև հակառուսական տրամադրություններով հայտնի գործիչների էջերում։
«Ակնհայտ է, որ հայաստանյան տեղեկատվական տարածքում առկա է ռուս-հայկական հարաբերությունների օբյեկտիվ ներկայացման դեֆիցիտ»,-նշել է նա։