Արգելանք է դրվել «Բուլկի» Արամի և մյուս մեղադրյալների 3 տասնյակից ավելի գույքերի վրա
Նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից, որն առավել հայտնի է Բուլկի Արամ մականունով, առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով ն ախաքննությունն ավարտվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության:
Մասնավորապես՝ քրեական վարույթով մեղադրյալներ Արամ Հարությունյանը, վերջինիս մտերիմ Գագիկ Կարապետյանը և Սուրեն Ավագյանը խուսափել են քննությունից, և առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալների բացակայությամբ վարույթն (հեռակա վարույթ) իրականացնելու հիմքն ու պայմանները, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
Կոմիտեից նաև հայտնում են՝ հեռակա վարույթի շրջանակներում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցանքների կատարման համար, որ նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Մասնավորապես՝ արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող՝
. Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը,
. Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը,
.Քանաքեռ-Զեյթուն, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը,
. Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը:
Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա՝ 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցները: Հարկ է նշել, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:
Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Ալեքսան Պետրոսյանը (հղումը՝https://anticorruption.am/hy/news/view/108):
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթից Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի և Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա