Փաստաբանները գործադուլ են անում
Այսօր՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, փաստաբանները գործադուլ են հայտարարել՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, այսպես ևս մեկ անգամ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը հիշեցնում է, որ այսօր փաստաբանները գործադուլ են հայտարարել, նշում է, որ ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենալու ասուլիս-քննարկումը. «Թեման, ըստ էության, պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքն է (արձագանքի բացակայությունը) փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ:
Ասուլիսին կհետևի երթ՝ Պալատի վարչական շենքից դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն:
Փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ըստ հին չուվաշական իմաստության՝ 41-ամյակը նշելու լավագույն ձևը բողոքի ակցիա իրականացնելն է։ Ու ամենևին պատահական չէ, որ «41» թիվը հայերեն թվագրությամբ նշվում է այսպես՝ ԽԱ…
Մեծ ԽԱնդաղտանքով ու ԽԱնդավառությամբ սկսում եմ փաստաբանների հայտարարած՝ «ընդդեմ ոստիկանական բռնության» խորագրով գործադուլի անհատական գործադրումը»։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԿ ՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Հարգելի գործընկերներ,
ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, Փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Նշվածները` ի թիվս այլնի, մեր օրենսդրությամբ ամրագրված փաստաբանական գործունեության նվազագույն երաշխիքներն են որոնք ուղղակի անտեսվում են:
Պետք է փաստել, որ փաստաբանների նկատմամաբ վերջին շրջանում կատարված բռնության դեպքերը և դրանց պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի վտանգված լինելու մասին:
Առ այսօր՝
բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ,
Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն շարունակում են պաշտոնավարել,
իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ շարունակվում է:
2023թ. հունիսի 6-ին և 21-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստերում, փաստաբանները ներկայացրել են իրենց վրդովմունքը և մտահոգությունները՝ բռնության դեպքերի կապակցությամբ:
Փաստաբանների պալատի ակումբի նիստերի ընթացքում մեր գործընկերները ներկայացրեցին իրավական պետությանը բնորոշ, պատկան մարմինների կողմից կատարման ենթակա, նվազագույն պահանջները որոնք նույն պես անտեսվեցին, ինչն իր հերթին ևս ցույց է տալիս ինստիտուտի նկատմամբ առկա վերաբերմունքը:
Ուստի, նման պայմաններում անհրաժեշտ է իրավաչափ միջոցներով կանխել ոտնձգությունները և պաշտպանել մեր ինստիտուտը:
Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում:
Հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և այդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:
Հետևաբար
փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով՝
2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկ օրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հասունացել է անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը
- Հունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի միջազգային օրը, ՀՀ-ի փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն. Փաստաբանական պալատ
- Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով
- Մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը
- Ա. Ֆանյան. Գուցե հիմա գլխավոր դատախազը մտաբերի փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերը
- Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
- Փաստաբանների պահանջը՝ ՆԳՆ-ին
- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնությունը
- Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան