Այսօրվանից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`
ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,
բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,
գ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները:
Երրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ ստանալու անձնական համար: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է`
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին:
Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան