Քաղաքապետարանի առաջարկով Երևանում լրացուցիչ 8 տեղական վճար սահմանվեց
«Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Երևան քաղաքում գործող տեղական վճարների մեջ՝ ավելացնելով 8 տեղական վճար և սահմանել դրանց դրույքաչափերը»,-Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
Վերջինս ներկայացրեց 8 վճարը, որոնցից առաջինով օգտագործման տրամադրված համայնքային նշանակության հողամասի օգտագործման ժամկետի երկարաձգման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 500 դրամ կհաշվարկվի, հողամասի փոխանակության դեպքում՝ համայնքից ստացվող հողամասի, անշարժ գույթի գնահատված արժեքի 5 %-ի չափով:
«Բնակարանների նվիրատվության դեպքում, բացառությամբ ավագանու կողմից սահմանված դեպքերի, ստացվող անշարժ գույքի հարկի երեք տարվա գումարի չափով, մյուս՝ հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության դեպքերում՝ հողամասի շուկայական արժեքի 5 %-ի չափով, իսկ շինությունների գործառնական նշանակության փոփոխության դեպքում՝ մինչև փոփոխությունը եղած գործառնական նշանակության անշարժ գույքի հարկի 5 տարվա գումարի չափով»,-ասաց վարչության պետի պաշտոնակատարը և, շարունակելով թվարկելը, նշեց, որ հողամասի սահմանների ճշգրտման դեպքում, բացառությամբ գյուղնշանակության հողամասերի, կսահմանվի վճար հողամասի շուկայական արժեքի 2 %-ի չափով:
Արման Ջհանգիրյանի ներկայացմամբ՝ նախագծման թույլտվություն կազմելու վճար է սահմանվում՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ չորս միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար չորս միլիոն դրամի հանրագումարի ու շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
Տեղական վճար կսահմանվի նաև նախագծման թույլտվության փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
Արման Ջհանգիրյանը հավաստիացրեց, որ վճարները հնարավորինս մեղմ են և, օրինակ, մեկ բազմաբնակարան շենքի համար 10000 դրամը վճարը մեծ չի լինի:
Ավագանին հաստատեց նոր տեղական 8 վճարը:
Հարակից հրապարակումներ`
- Առաքելյան. Ավինյանը վարչության պետ է նշանակել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից 1.6 մլն դոլար հափշտակած Հարությունյանին
- Քաղաքապետարանն Ազատության հրապարակը սալիկապատելով է ուզում պայքարել մանկական մեքենաների և հեծանիվների դեմ
- Երևանի Կասյան փողոցն անվանակոչվեց Վազգեն I կաթողիկոսի անվամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա