Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
«Իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել, դրա համար ունեցել եմ մի պատճառ»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ չնայած չգիտի՝ ով ինչքանով կհավատա այս տեղեկատվությանը։
Նա նաև մանրամասնեց, թե ինչու չի հետաքրքրվել. «Ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ, թե որտեղ է իմ որդին, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ու ես գաղափար չեմ ունեցել, թե ինքը որտեղ է։ Ինձ անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքային տեղ են պահում, առաջնագծում է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ որպես Հայաստանի վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»։
Փաշինյանը նշեց, որ այդ հարցով առաջին անգամ հետաքրքրվել է նոյեմբերի 9-ից հետո. «Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, արդեն ինքը վերադարձել էր, տանն էր։ Երբ պատերազմից հետո հանդիպում էի անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, հարց էր ծագել, թե որդիս ձևական է գնացել պատերազմ, նույնիսկ հարցեր էին տալիս, թե ինչպես նա վերադարձավ, մյուսները՝ ոչ։
Առաջին անգամ այդ օրն եմ հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եղել այդ շրջանում։ Այդ ժամանակ եմ իմացել, որ իրեն հետախուզական խմբի մեջ առաջադրանք է տրված եղել առաջնագծում, փոքր խմբով լինելով, կարծեմ, ջոկի հրամանատար, ընկել է հրետակոծության տակ ու իր ծառայակիցը, որի հետ իրենք գետնին պառկած են եղել կամ խրամատում, մարմիններով իրար հպված, մյուս զինվորը զոհվել է բեկորային հրետակոծությունից։
Ընդ որում, այն գնդից, որտեղ որդիս է եղել, 21 անձ զոհվել է պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան