Օլիվիե Մեսսիան-115. հայ անվանի երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով
Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսիանի 115-ամյակի առթիվ կկազմակերպվի ինքնատիպ երեկո։ Հայ անվանի երաժիշտներ Հայկ Մելիքյանը (դաշնամուր) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, հուլիսի 6-ին հյուրընկալելու են Մեսիանի խոհափիլիսոփայական երաժշտությանը նվիրված հատուկ համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ երաժիշտները կկատարեն մեծ կոմոպզիտորի և նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների և երևանյան երաժշտասեր հասարակության համար ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում ունենում են եզակի կատարումներ։
«Համերգն ունի խորհրդանշական կարևորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, և մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշում է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։