DoubleFinger բարդ վնասաբեր ծրագիրը գրոհում է կրիպտոարժույթի դրամապանակները
«Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր սպառնալիք են հայտնաբերել, որն օգտագործում է DoubleFinger բեռնիչը GreetingGhoul կրիպտոսթիլերը տեղադրելու համար: Նրանց տվյալներով՝ նշված սպառնալիքն Advanced Persistant Threat (APT) կատեգորիայի բարդ գրոհներ է հիշեցնում։ DoubleFinger-ով վարակումը սկսվում է էլեկտրոնային նամակից, որին կցված է վնասաբեր PIF-ֆայլ: Այն բանից հետո, երբ օգտատերը բացում է այդ ֆայլը, տեղի է ունենում իրադարձությունների 5 փուլերից բաղկացած շղթա։
Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն ից հայտնումեն՝ առաջինում DoubleFinger բեռնիչը գործարկում է shell-կոդ, որը պատկերների փոխանակման Imgur.com ծառայությունից ներբեռնում է PNG ձևաչափով ֆայլ: Իրականում սա ոչ մի նկար էլ չէ. ֆայլը ծածկագրված տեսքով պարունակում է DoubleFinger-ի գրոհի հաջորդ փուլերում օգտագործվող մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ գրոհի երկրորդ փուլի բեռնիչը, java.exe լեգիտիմ ֆայլ և մեկ այլ PNG-ֆայլ, որը օգտագործվելու է ավելի ուշ՝ չորրորդ փուլում:
Երկրորդ փուլում DoubleFinger-ի «երկրորդ աստիճանի» բեռնիչը գործարկվում է՝ օգտագործելով վերը նշված օրինական java.exe ֆայլը, որից հետո այն նաև կատարում է shell-կոդը, որը ներբեռնում, վերծանում և գործարկում է DoubleFinger-ի «երրորդ աստիճանը»:
Երրորդ փուլում DoubleFinger-ը կատարում է համակարգչում տեղադրված պաշտպանական լուծումը շրջանցելու մի շարք գործողություններ։ Այնուհետև բեռնիչը վերծանում և գործարկում է «չորրորդ աստիճանը», որը պարունակվում է առաջին փուլի նկարագրության մեջ նշված PNG-ֆայլում։ Այդ PNG-ֆայլը, բացի վնասակար կոդից, պարունակում է նաև երկու մատի պատկեր, որից էլ տվյալ վնասաբեր ծրագիրն ստացել է իր անվանումը։
Չորրորդ փուլում DoubleFinger-ը գործարկում է «հինգերորդ աստիճանը», օգտագործելով Process Doppelgänging կոչվող տեխնիկան, փոխարինում է լեգիտիմ գործընթացը փոփոխվածով, որը և պարունակում է «օգտակար բեռնվածք» հինգերորդ փուլի համար, որում, վերը նկարագրված բոլոր մեքենայություններից հետո, DoubleFinger-ն անում է այն, ինչի համար, ըստ էության, ամեն ինչ սկսվել է. ներբեռնում և վերծանում է հերթական PNG- ֆայլը, որը պարունակում է վերջնական «օգտակար բեռնվածքը»: Դա GreetingGhoul կրիպտոսթիլերն է, որը տեղադրվում է համակարգում, իսկ առաջադրանքների պլանավորիչում ստեղծվում է ժամանակացույց, ըստ որի GreetingGhoul-ը պետք է գործարկվի ամեն օր որոշակի ժամին։ DoubleFinger բեռնիչի աշխատանքի ավարտից հետո խաղի մեջ է մտնում անմիջականորեն GreetingGhoul կրիպտոսթիլերը։ Այս վնասաբեր ծրագիրը պարունակում է երկու փոխլրացնող բաղադրիչ. մեկը համակարգում հայտնաբերում է կրիպտոարժույթների հավելվածները և գողանում հանցագործներին հետաքրքրող տվյալները՝ գաղտնի բանալիներն ու սիդ-արտահայտությունները, ինչպես նաև այն բաղադրիչը, որը ծածկում է կրիպտոարժույթների հավելվածների ինտերֆեյսը և ձեռք գցում օգտատիրոջ կողմից մուտքագրվող տեղեկատվությունը: Այս գործողությունների արդյունքում DoubleFinger-ի հետևում կանգնած հանցագործները վերահսկողություն են ստանում զոհի կրիպտոդրամապանակների վրա և կարողանում միջոցներ հանել դրանցից:
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են DoubleFinger-ի մի քանի մոդիֆիկացիաներ, որոնցից մի քանիսը վարակված համակարգում տեղադրում են կիբեռհանցավոր միջավայրում բավականին տարածված Remcos հեռավար հասանելիության տրոյական ծրագիրը: Նպատակները, որոնց համար այն կարող է օգտագործվել, նշված են հենց իր անվանման մեջ՝ REMote COntrol & Surveillance, այսինքն ՝ հեռակառավարում և լրտեսում: Այլ կերպ ասած, Remcos-ի միջոցով կիբեռհանցագործները կարող են հետևել օգտատիրոջ բոլոր գործողություններին և լիովին վերահսկել վարակված համակարգը: