«Ոսկե սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Յակովլևի հիշատակին
«Ոսկի սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետi ուսանող, «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալների ասպետ Դավիթ Յակովլևի խնկելի հիշատակին։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից տեղեկանում ենք, որ Դավիթ Յակովլևի հիշատակին հայտարարված մրցույթի ամփոփումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժ․ 14:00-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
Հիշեցնենք, որ 2021 թ-ից Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը:
Դավիթ Յակովլևի կենսագրությունը՝ imheros.am կայքից։
Դավիթ Յակովլևը ծնվել է 2001թ. հունիսի 18-ին Երևանում։
2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը:
Զորակոչվել է 2019թ. հուլիսի 19-ին։
Լուսակերտի զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝ կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը դարձել է հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար։
Մաթեմատիկական մտածողությունը Դավիթի մոտ նկատելի էր փոքր հասակից։
Բազմաթիվ անգամներ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, շահել մրցանակներ։
13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։
Մինչ դպրոցն ավարտելը հասցրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները՝ լինելով միակ դեռահասը։
Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, առաջին մրցանակի է արժանացել API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։
2017-2018թթ. ուսմանը զուգընթաց, ազատ գրաֆիկով աշխատում էր Web ծրագրավորման ոլորտում՝ ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ։
Նրա ստեղծած և Youtube-ում տեղադրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղեր, մեծ հավանումներ էին ստանում։
Դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնեց։ Հետո որոշեց, որ ՏՏ լավ մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունվելն ու մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելն է։ Որոշեց ու ընդունվեց։
Դավիթը գիտեր, թե ինչի է ձգտում ու հստակ քայլերով գնում էր այդ ճանապարհով։ Պլանավորում էր իր թե՛ ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։ Նրա ամեն օրն իր երազանքին հասնելու մի քայլ էր։
Դավիթի բոլոր, այդ թվում՝ զինակից ընկերները, նրան հարգում ու սիրում էին։ Այդպես էլ մինչև վերջ մնաց համախմբող ու կազմակերպող, բոլորի մասին հոգացող՝ душа компании...
Դավիթի մոտ ընդգծված էին երեք հատկանիշներ՝ առաջնորդ լինել, պարտության հետ չհամակերպվել, իրեն վստահված գործը գերազանց կատարել...
Ամեն ինչ արեց, որ իր կատարած յուրաքանչուր գործ անթերի լինի և իր անցած ճանապարհը միշտ հաղթանակներով պսակվի։
Այդպիսին մնաց Դավիթը նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ։
Մարտական ընկերների հավաստմամբ ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ, Հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթ Յակովլևն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։
Դավիթի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Իմանայլով, որ Շեխերում գաղտնի, հատուկ գործողություն է պատրաստվում, Դավիթն ինքն է պահանջում մասնակցել դրան։ «Էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։
Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացվում էին թիրախները, այլև օգնում էր նաև մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։
Այդ ժամանակ Մարտունի 2-րդի աջ թևում իրավիճակը ծանր էր։ Ճեղքումներ կային, և թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով տեղի մարտերը ղեկավարող Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը լրացուցիչ օգնություն են խնդրել։ Այդ նպատակով որոշվել է Իվանյանի զորամասից 4 САУ ուղարկել։ Դրանցից մեկը ղեկավարել է Դավիթը։
19-ամյա հերոս Դավիթ Յակովլևը իր զորամասի մարտկոցի 11 ընկերների և հրամանատարի հետ նահատակվեց միևնույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիա իրականացնելիս։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան