Երևանում կանաչապատ տարածքները քիչ են. Քաղաքացիների գնահատականը
Երևանյան տապը մարդկանց ստիպում է հիշել կանաչապատ տարածքների, սաղարթախիտ ծառերի կարևորության մասին։ Կիզիչ արևի տակ մի քիչ մնալուց հետո շատերս ենք ստվերոտ մի տեղ փնտրում՝ մի քանի րոպե շունչ առնելու, ճառագայթներից պատսպարվելու համար։
Կանաչ ու բարձր ծառերի ստվերի պակասը հատկապես զգացվում է երևանյան փողոցներում գրեթե ամենժամյա դարձած խցանումների ժամանակ, երբ ուղևորները կարծես ջեռոցում լինեն։
Panorama.am-ը փոքրիկ հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Երևանում կանաչապատ տարածքները, դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
Հարցվողներից մեկը, համեմատեց Երևանում տեսածը Ռուսաստանի հյուսիսում առկա կանաչապատ տարածքների հետ։ Այնտեղ է ապրում։ Նման համեմատությունը, ասաց, Երևանի օգտին է։
Մի կին քաղաքացի էլ նկատեց՝ ցանկացողները կանաչապատ տարածք կգտնեն, միաժամանակ ավելացրեց, կանաչ տարածքները երբեք շատ չեն լինում։
«Իսկ կանաչապատման հարցը այս պարագայում առաջնային չէ, որ ինձ կհետաքրքրեր և ես ուսումնասիրեի, շատ ավելի կարևոր հարցեր կան»,-ասաց նա։
«Թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ տեղյակ չեմ, քանի որ ոլորտային աշխատակից չեմ, բայց՝ որպես բնակիչ և քաղաքացի, կարող եմ ասել, որ ինձ չի բավարարում»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարցվողների մեծամասնության կարծիքով, կանաչ տարածքները բավարար չեն, և այդ ուղղությամբ կատարվող քայլերը՝ ևս։
«Մի քիչ էլ ժողովրդի մեջ պիտի սերը զարգացնեն՝ դեպի կանաչը, դա պետք է լինի մանկապարտեզից, դպրոցից, դաստիարակությունից, որը մեր ժողովդի մեջ շատ պակաս է։ Բավականին մեծ տարածքներ տրամադրված են գարաժներին»,-նկատեց քաղաքացին։
Որոշ քաղաքացիներ էլ հիասթափված էին քաղաքային իշխանության գործելաոճից.
«Ես կարծում էի, որ նորմալ քայլեր են իրականացվում, բայց երբ քայլում եմ քաղաքում, հասկանում եմ, որ ոչ։ Ասում են, կատալոգով ենք տնկում ծաղիկները, որոնց նայում ու չես հասկանում, թե ի՞նչ են տնկել և այդ պիտուշոկները 15 օրում չորանում են։ Կամ, օրինակ ասում են, որ ջրում են, բայց սխալ ձևով՝ մի տեղ այնքան են ջրում, որ ծառը փտում է, իսկ մյուսները չորանում են»։
Հարակից հրապարակումներ`
- Չոր այգին՝ քաղաքապետարանի անհետևողականության հետևանք
- «Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ծառահատվող իմ Երևան...