«SOS Artsakh». Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին
Նախօրեին ժամը 08։30-ից մեկնարկել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։ Այսօր առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր իրենց ուղերձը փոխանցեցին ԵՄ ներկայացուցչությանը։
Ներկայացուցչության դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ այս ուղերձն ամբողջացնում է հայ մարդու հավաքական պահանջը. «Այս ուղերձում ամփոփված են բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար սակարկման ենթակա չեն, կոչ ենք անում միջազգային գործընկերներին դադարեցնել իրենց անհեռատես, հանցավոր, լռության, կուրության քաղաքականությունը և իրապես կրողը լինեն այն արժեքների, որոնց մասին պարբերաբար խոսում են»։
Ա. Կրպեյանն ասաց, որ իրենք նստացույցերով ևս մեկ անգամ արձանագրում են ու բարձրաձայնում այն աղետալի հումանիտար աղետի մասին, որը հիմա տիրում է Արցախում, որտեղ բնակվող 120 հազար հայեր անմարդկային, էթնիկ զտամանը հավասարազոր պայմաններում փորձում են իրենց գոյությունն ապահովել, և այս ամենը միջազգային հանրության խուլ ու համր հայացքի ներքո։
«Մենք այստեղ ենք Արցախի մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնելու համար։ Այսօր ևս մեկ անգամ արձանագրում ենք մեկ այլ կարևոր հանգամանք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն արժանապատիվ հայ մարդկանց համար սակարկման առարկա չէ, վճռականությունը պայքարելու մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար սակարկման ենթակա չէ։ Այստեղ ենք պահանջելու միջազգային գործընկերներից, քաղաքակիրթ հանրությունից դադարել երկակի ստանդարտների կիրարկումը, դադարել լինել լուռ ու կույր, դադարել լինել համր»,- ասաց Ա. Կրպեյանը։
Նստացույցի մասնակիցները ժամը 10։00-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կավարտեն իրենց մեկօրյա ակցիան։
Հարակից հրապարակումներ`
- «SOS Artsakh». Նստացույցի մասնակիցները ՌԴ դեսպանատան ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջները
- Իշխան Սաղաթելյան. Միջազգային հանրությունից մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին
- Միջազգային հանրությունը ոչ թե պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացնում համագործակցությունը. Աննա Գրիգորյան
- ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
- «SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան