Անմահները՝ Քաշաթաղից տեղահանված Երվանդ Թադևոսյան և մարդամոտ ու ընկերասեր Սամվել Թորոսյան
Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանը ծնվել է Ստեփանակերտում: Նրա ընտանիքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել էր Քաշաթաղի շրջանից՝ հաստատվելով Ստեփանակերտում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Երվանդ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով նրա ընտանիքը մնացել էր Հայաստանի Հանրապետությունում՝ զրկված լինելով վերամիավորվելու հնարավորությունից:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Սամվել Թորոսյանն էլ ծնվել և մեծացել է Ստեփանակերտում: Քույրը՝ Մարիամ Գրիգորյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում պատմել է, որ սովորում էր մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:
«Հետաքրքրված էր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս տարվա դեկտեմբերին կդառնար 20 տարեկան: Ուզում էր ծրագրավորող դառնալ, դեռևս դպրոցական տարիներից էր սիրում և հետաքրքրվում այդ ոլորտով: Մտավորական ու ավանդապաշտ ընտանիքի որդի է նա: Շատ մարդամոտ էր, ընկերասեր: Կյանքի ամենադժվար պահերին էլ միշտ մեծի պես կանգնած էր ծնողների, կրտսեր քրոջ, հարազատների ու իր շրջապատի մարդկանց կողքին»,-պատմել է Մ. Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան։
Երվանդ Թադևոսյան
Սամվել Թորոսյան
Գագիկ Բալայան
Արմո Աբգարյան
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ