Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարություն տարածեց, որում քննադատեց նախօրեին ադրբեջանական ռազմական ագրեսիան, որի հետևանքով ԱՀ ՊՆ 4 զինծառայող է զոհվել:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որում ասվում է. «Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Սույն թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1:30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են մեր 4 հայրենակիցները:
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:
Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.
-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի։
-Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները։
-Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն:
Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին
- Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան