Չոր այգին՝ քաղաքապետարանի անհետևողականության հետևանք
Աբովյան և Աղայան փողոցների մեջտեղում՝ Սուրբ Աննա Կաթողիկո եկեղեցու հարևանությամբ գտնվող այգում մի կանաչ բույս չեք գտնի։ Բարձր խոտը, որը ծխախոտի ամեն մնացորդից կարող էր հրդեհի պատճառ դառնալ, մի քանի օր առաջ հնձեցին։ Ծառերի ճյուղերը կտրտեցին, կողքերից աճած թփերը հանեցին ու գնացին։
Panorama.am-ի խմբագրությանը բնակիչներն այգու մի քանի լուսանկար են տրամադրել։
Խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմում է՝ տարիներ շարունակ այգին գտնվում է ոչ բարեկարգ վիճակում։ Անցած տարի՝ աշնան վերջին քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, հողը փխրեցրել, սիզախոտի սերմեր ցանել, օրեր շարունակ ջրել, ինչից հետո այգին դարձել էր կանաչապատ։
Հարակից շենքի բնակիչը պատմում է, որ մարդիկ ուրախացել էին, ավելի հաճախ էին փոքրիկ այգում զբոսնում, մտածում էին՝ արդեն խնամված այգի ունեն։ Սակայն բնակիչների ուրախությունը քիչ է տևում։ Այս տարի քաղաքային իշխանությունները երկու անգամ են հիշել ակգու գոյության մասին, մեկը գարնանը՝ խոր էտ իրականացնելու առիթով, մյուսն էլ օրեր առաջ՝ չորացած խոտը հնձելու։
Ինչո՞ւ չի ոռագվում, խնամվում այգին։ Panorama.am-ի այս հարցերին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն վարչության աշխատակիցը հայտնեց.
«Մենք ևս թեժ գծով ստացել են քաղաքացու զանգը, քաղաքացին ներկայացրեց Աղայան 11, 13 և 15 բակերի ոռոգման խնդրի մասին, ինչը ես արդեն ներկայացրել եմ համապատասխան մարմնին»։
Վարչությունը երեք օրվա ընթացքում պետք է քաղաքացուն արձագանքի։
«Երբ ոռոգման հետ կապված խնդիրը ճշտվի, տեղյակ կպահենք»,-ասացին վարչությունից՝ խնդրելով թղթակցին ավելի ուշ կապ հաստատել։
Ստացվում է, որ քաղաքային իշխանության անհետևողականության հետևանքով, բնակիչներն ամռան տապին զրկված են կանաչից, բացի այդ էլ աշխատանքի ողջ արդյունքը ջուրն է ընկել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան