Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնումե ն ԿԳՄՍՆ-ից։
Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Նա ուժերը չափել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1:6 հաշվով ցավալի պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դանիլ Բիտկային, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով ուժեղ էր գտնվել Լեհաստանի ներկայացուցչից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի նկատմամբ:
Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8-ում 8:0 հաշվով հաղթել էր չեխ ըմբիշին, քառորդ եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջել էր թուրք ըմբիշին:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ):
Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Արշակ Գեղամյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից: Թիմն առաջնությանը մասնակցում էր մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ:
Հունիսի 30-ից մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճային ըմբիշներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբրոյանը (92 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին