Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, որոնք, սակայն, պարտվեցին քառորդ եզրափակչում և դուրս մնացին հետագա պայքարից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ավելի վաղ, Եվրոպական խաղերում պայքարից դուրս էին մնացել նաև կանանց թիմի բոլոր անդամները. Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ) պարտվել էին մեկնարկային մենամարտերում և ավարտել ելույթները վարկանիշային մրցաշարում:
Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում երեկ մեկնարկել են թեքբոլի մրցումները:
Կրակովի գլխավոր հրապարակում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Քրիստինե Մանգասարյանը: Կանանց մենախաղում նա ընդգրկվել է A խմբում՝ ֆրանսիացի, գերմանացի և ուկրաինացի մարզուհիների հետ: Առաջին խաղում Մանգասարյանը 2:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դարիա Զելենսկայի նկատմամբ, սակայն երկրորդ ու երրորդ խաղերում զիջելով նախ ֆրանսիացի, ապա գերմանացի մարզուհիներին՝ չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Եվրոպական խաղերի թեքբոլի մրցումներում Հայաստանը կներկայացնեն նաև Ռաֆայել Վարդանյանն ու Գոռ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանը դեռևս 3 մեդալ է նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:
Կրակովի տատամիի վրա թաեքվոնդո մարզաձևից հանդես է եկել Սարգիս Սարգսյանը (74 կգ)՝ հենց մեկնարկում զիջելով Իսպանիայի ներկայացուցչին: Իրենց ելույթներն ավարտել են նաև աթլետները, սուսերամարտիկներն ու ջրացատկորդները:
Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը 57 մարզիկ է ներկայացնում`9 մարզաձևում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան