Օջալանի օգտին խոսելու համար Թուրքիայում ձերբակալել են հեռուստաալիքի գլխավոր խմբագրին
Ստամբուլի գլխավոր դատախազությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի (Ապո) վերաբերյալ ասված խոսքերի համար «Tele1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղին հարցաքննությունից հետո ձերբակալել է։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ստամբուլի հակաահաբեկչական բաժանմունքի ոստիկանությունը բերման է ենթարկել Մերդան Յանարդաղին «հանցանքն ու հանցագործին գովաբանելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։
Վերջինս Օջալանի մասին հիշյալ հեռուստաընկերությունում հնչեցրած խոսքում նշել էր, որ Օջալանին թույլ չի տրվում անգամ տեսակցել ընտանիքի և փաստաբանի հետ։
«Նա Թուրքիայի ամենաերկարակյաց քաղբանտարկյալն է։ Եթե օրենքները նորմալ գործում են, ապա նա պետք է իրականում ազատ արձակվի, տնային կալանք և այլն տրվի: Աբդուլլահ Օջալանի նկատմամբ կիրառված մեկուսացումն օրենքում տեղ չունի։ Այն պետք է հանվի/դադարեցվի»,- ասել էր Յանարդաղը։
Իսկ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն այս կապակցությամբ նշել էր․ «Ահաբեկիչների առաջնորդին, հազարավոր մարդկանց մարդասպանին գովերգող Մերդան Յանարդաղ կոչվող անձի հայտարարությունների հիման վրա «Tele1»-ի նկատմամբ հարկավոր է հետաքննություն է սկսվել»։