Սննդագետ. Վաճառվող կտրատած ձմերուկն ավելի անվտանգ է, քան կտրտած պանիրն ու երշիկը
Կտտրտած ձմերուկի, սեխի վաճառքն արգելող իրավական նախաձեռնությունը սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանն անիմաստ բան է որակում։ Նա ոլորտի պատասխանատուներին կրկին ու կրկին հիշեցնում է՝ ցանկացած որոշում պետք է հիմնվի ռիսկերի գնահատման վրա։
«Սննդի անվտանգության միջոցառումներն ու իրավական նախաձեռնությունները պետք է հիմնվեն տվյալ երկրում սննդամթերքի անվտանգության ռիսկի գնահատման արդյունքների վրա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սննդագետը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ իրավական նման նախաձեռնությամբ է հանդես եկել էկոնոմիկայի նախարարությունը։ Ըստ նախագծի, արգելքը խախտողները կտուգանվեն։
«Շատ կարևոր է, որ գնահատվում են ռիսկերը, երբ կա հանրային առողջապահական ապացուցված խնդիր, մշակվում են համապատասխան միջոցառումներ։ Ձմերուկը, որը բոսական ծագում ունեցող մթերք է, կտրտելուց շատ ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան կտրատած երշիկները, պանիրները»,-նշեց Պիպոյանը։
Նրա խոսքով, կան հստակ հետազոտություններ, որոնք ցույց են տվել՝ Հայաստանում երշիկեղենի կամ պանրեղենի կտրատումը տեղի է ունենում սանիտարահիգիենիկ կանոնների խախտմամբ, ինչի հետևանքով առկա է առողջապահական հանրային խնդիր։
«Եթե դա արգելեին, ես կհասկանայի։ Ինչ վերաբերում է ձմերուկի մասնատմանը, պետք է հստակ ապացուցել, թե երբ է եղել աղտոտումը, շղթայի ո՞ր օղակում ու ի՞նչ հանրային առողջապահական խնդիրներ են առաջացել։ Հետևաբար սա անիմաստ հերթական կարգավորումներից մեկն է, որը բացարձակապես չի բխում հանրային առողջապահական խնդիրներից, այլ բխում է աչքակապությունից»,-ասաց նա։