Նոր Ղազանչիի վարելահողերը՝ թշնամու մարտական դիրքերի թիրախում
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը։
«Պատերազմից հետո գյուղը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Համայնքին պատկանող վարելահողերը նույնպես գտնվում են թշնամու մարտական դիրքերի թիրախում, և հնարավոր չէ մոտենալ այդ տարածքներին ու մշակել հողը։ Կարողացել ենք շատ քիչ քանակությամբ գարու, հաճարի ու կարտոֆիլի ցանքս կատարել։ Եվ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ընթացքում պաշարը չի բավարարելու գյուղացիներին»,-մանրամասնել է Ռ. Առուստամյանը։
Համայնքապետն իրազեկել է, որ շրջափակման պատճառով գյուղում դիզվառելիքի, ալյուրի, ձեթի ու շաքարավազի խնդիր է առաջացել։ Բայց խիստ անհրաժեշտության դեպքում կամ հիվանդներին շտապ Ստեփանակերտի բուժհաստատություններ հասցնելու համար շրջվարչակազմը տրամադրում է անհրաժեշտ դիզվառելիքը։
«Պատերազմից հետո խիստ նվազել է անասնագլխաքանը։ Բնակիչները նախկինի պես չեն զբաղվում հողագործությամբ։ Յուրաքանչյուրը միայն իր տնամերձ հողամասն է մշակում»,-նշել է նա` կարևորելով, որ պատուհասած մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի գյուղում նոր ընտանիքներ ձևավորվեն։
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և հարևան Կիչան, Նոր Ղազանչի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:
(Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի)
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը. Կիչանի համայնքապետ
- Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ՆԳն
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին