Բրազիլիայից Հայաստան է տեղափոխել «կոկաին»-ի առանձնապես խոշոր խմբաքանակ
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիալիայի քաղաքացի Լ.Պ.-ն։ Ունենելով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ՝ ենթարկվել է տեսազննության: Արդյունքում, նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության և ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիալիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում:
Հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով և հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիալայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Գալստյանի որդու ու ևս 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
- Թմրամիջոցների տեղափոխումը բանանի արկղերով՝ նոր թրենդ
- Երևանի «Բան» ակումբում և ակումբում գտնվող անձի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ. վերջինս կալանավորվել է
- 10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է գրեթե 25%-ով
- 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան
- ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին․ «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան