Գևորգյան հոգևոր ճեմարանում թրծվում է հոգևոր Հայաստանի վաղվա սերունդը, հայ հոգու ինքնության պահապանը. Նաթան Սրբազան
Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի` 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:
Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայր Սուրբը, անդրադառնալով ճեմարանի անցնող ուսումնական տարվան, ընդգծել է, որ ճեմարանն անմասն չմնաց հայրենիքին ու հայ ժողովրդին փոթորկող հույզերից ու մարտահրավերներից․ աղոթել է, որ Փրկիչն իր ամենախնամ աջի ներքո պահի Հայոց եկեղեցին և հավատավոր հայ ժողովրդի զավակներին, հեռու ամեն չարից ու փորձություններից։
«Հիրավի, մեկուկես դար շարունակ հույսով և ապագայի վառ տեսիլքով փայլող ճեմարանն այլ կերպ չի էլ կարող գոյել․ ճեմարանի և ճեմարանականների համար չհավատալ հույսի ու սիրո հաղթանակին նշանակում է անհավատարիմ լինել այն մեծ ու փառապանծ ավանդին, որ 1874 թվականից և դեռ դրանից էլ առաջ մեզ են հանձնել Մաղաքիա Օրմանյանները, Կոմիտասները, Կարապետ Տեր-Մկրտչյանները, Գևորգ Չորեքչյանները, Գարեգին Հովսեփյանները, և դեռ շատ ու շատ մեծանուն ճեմարանականներ, ընդհուպ մինչև մեր օրեր․․․․Չհուսալ և չհավատալ, որ այս նշանավոր անունները կրկին ծնունդ են առնելու և մարմնանալու ճեմարանի սաների մեջ, կնշանակի թողնել հոգևոր արթնության և զգոնության խրամատը՝ թիկունք դարձնելով թշնամուն ու փախչելով տիրավանդ առաքելությունից։ Չէ՞ որ պատվեր ունենք Սուրբ Պողոս առաքյալից․ «Զհոգին մի՛ շիջուցանէք» (Ա Թես․ 5։19)»,- ասել է Հայր Շահեն՝ հավելելով նաև, որ Ճեմարան ոտք դրած սանը մեծ տեսիլքի զավակն է, այն նույն տեսիլքի, որով մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կերտեց Սրբություն Սրբոց Էջմիածինը, Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը հայատառ դարձրին Աստվածաշունչը՝ լուսավորելով հայոց սրտերն ու մտքերը, Սուրբ Վարդանանք նահատակաց արյունով ներկեցին հայոց հերոսամարտերի գրքի առաջին էջերը, մեծանուն ու քրիստոսասեր թագավորները զորացրին ու շենացրին մեր հայրենիքը, աստվածուսույց վարդապետները երկնեցին մեր անգին ձեռագիր մատյանները, լուսավորչաշավիղ մեր հայրապետները առաջնորդեցին հայ ժողովրդին հոգևոր ու մարմնավոր պատերազմներում։
Իր խոսքում տեսուչ Հայր Սուրբը բարի և օրհնյալ ծառայություն մաղթել է ճեմարանի շրջանավարտ սարկավագներին՝ հայցելով, որ Աստծո ամենախնամ աջը միշտ ուղղորդի և նրանց մեջ պահի առաքելական քարոզության նախանձախնդրությունը, հոգևոր մշակի աննահանջ աշխատասիրությունը և սերը Աստծո, Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ։
Վերջում Հայր Սուրբն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև հանուն ճեմարանի տեսչության՝ շնորհակալություն հայտնել Մայր Աթոռի միաբանությանը, ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի ու ճեմարանի հանդեպ ցուցաբերած պատասխանատու և գիտակից վերաբերմունքի համար։
Ապա հոգևոր, ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբն ու սաները։
Դասախոսության անունից ներկաներին իր խոսքն է ուղղել բ․ գ․ թ․, դոցենտ Լաուրա Ավագյանը, իսկ ուսանողության անունից՝ ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Գևորգ սարկավագ Մկրտչյանը։
Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ գնդերեց և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի անվան մրցանակաբաշխություն։ Եկեղեցու սոցիալական ծառայության լավագույն ծրագրերի ներկայացման համար դրամական խրախույսների են արժանացել մի շարք ճեմարանականներ։
Կատարվել է նաև գեղեցիկ ավանդույթ դարձած նվիրաբաշխությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողներին հանձնվել են պարգևներ:
Միջոցառման վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել Նաթան Սրբազանը:
Սրբազան Հայրը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերն ու օրհնությունը, ընդգծել է, որ ճեմարանում թրծվում է հոգևոր Հայաստանի վաղվա սերունդը, հայ հոգու ինքնության պահապանը։ Նաթան Սրնազանը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի տեսչական անձնակազմին և դասախոսներին, ովքեր ամենայն ջանք ի գործ են դնում լավագույն կրթություն ապահովելու ուսանողների համար։
Շրջանավարտ սարկավագներին Սրբազան Հայրը հորդորել է հարատև զինվել գիտելիքներով, որպեսզի կարողանան երկնային կյանքը երկրի վրա հնարավոր դարձնել և պայքարել հանուն քրիստոնեական սուրբ հավատքի։
Հանդիսությունը եզրափակվել է Նաթան Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:
2022-2023 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 19 սան: