Բուժկենտրոններում հրաժարվում են անվճար սպասարկել՝ պատճառաբանելով, թե պետպատվերը սպառվել է. «Ազատություն»
«Պետպատվերը սպառվել է, չենք կարող անվճար սպասարկել». բուժկենտրոններից այսպես են այս օրերին պատասխանել «Ազատության» մի քանի զրուցակիցների։ Մեկի հարազատը հեմոդիալիզ է ստանում, մյուսը երեխային ցնցումներից հետո է հիվանդանոց տարել, հաջորդը՝ Գևորգ Սաֆարյանը, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երիտասարդ է։
«Հիվանդանոցը ուղղակի ասեց, որ պետության կողմից տրամադրված ֆինանսները սպառվել են։ Էդ պահին անհրաժեշտ էր ռենտգեն հետազոտություն և արյան անալիզ», - «Ազատության» հետ զրույցում նշել է Սաֆարյանը։
«Ինքը հեմոդիալիզը ստանում ա երկու ամիս ա։ Որ ազոտը շատ ա բարձրանում, խեղդվում ա։ Տարան հիվանդանոց, ասել են, որ՝ մենք հիմա վիճակը մի քիչ կլավացնենք, բայց չենք կարող պառկացնել, մինչև հուլիսի 1-ը պետպատվեր չկա», - ասել է «Ազատության» մեկ այլ զրուցակից։
Քաղցկեղ ունեցող այն քաղաքացիները, որոնք նաև հաշմանդամության կարգ ունեն ու պետպատվերով են բուժվում, դիմել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց աջակցող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությանը։ Հիմնադիր Նվարդ Քոչարյանն ասել է՝ տարվա ավարտին դեռ 6 ամիս կա, բայց արդեն շուրջ 70 քաղաքացի է իրենց դիմել նույն խնդրով։
«Արդեն այս տարվա համար որևէ տեղ չեն տալիս հիվանդանոցները՝ նշելով, որ չունեն այլևս պետպատվեր։ Բազմաթիվ հիվանդանոցներ ես ինքս եմ զանգահարել, որովհետև մեզ շատ-շատ են դիմում պացիենտները։ Եվս հավելյալ սոցիալական բեռ է առաջանում անապահով քաղցկեղ ունեցող մեր հայրենակիցների համար», - նշել է Քոչարյանը։
Կառավարության հատկացրած պետպատվերի գումարը բուժհաստատություններին է բաշխում Պետական առողջապահական գործակալությունը։ Նախարարության ենթակայությամբ գործող այս կառույցն է նաև հսկում է, թե ինչպես է ծախսվում պետության գումարը։ Ահարոն Բարսեղյանը, որպես կառույցի ղեկավար, քաղաքացիներին հորդորում է նախարարության թեժ գիծ զանգահարել ու հստակեցնել, թե ո՞ր հիվանդանոցից են ասել՝ պետպատվերի գումարն ավարտվել է։
«Այդ գումարները չեն ավարտվում, մենք ներքին վերաբաշխումներ ենք անում, պարզապես, անհետաձգելի բուժման կարիք չունեցող մարդը պետք է հերթագրվի»,- ասել է Բարսեղյանը՝ հավելելով, որ սա նոր համակարգ է, սա է մարդկանց մոտ դժգոհություններ առաջացնում։
Շուրջ 5 տարի Առողջապահության գործակալությունը ղեկավարած Ծաղիկ Վարդանյանը, որ հիմա «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահն է, խոստովանել է, որ իր աշխատած տարիներին էլ են այդ խնդիրները ծագել, բայց հստակ վերաբաշխումներով կարողացել են այսպես ասած՝ հրդեհը մարել։
Վարդանյանն ավելի քան 10 տարի նախարարությունում ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ասել է՝ խնդիրը խորքից է գալիս. «Ձեր գումարները ավելացել ա, 2017 թվականը համեմատում եմ 2023 թվականի հետ, համարյա կրկնակի ֆինանսավորում ա արվում։ Ինչ է, բնակչությո՞ւնն ա ավելացել երկու անգամ... բայց նույն վիճակն ա։ Հիմա ես կրկնում եմ՝ նորից երկու անգամ էլ ավելանա, նույն վիճակն ա լինելու։ Եթե մենք արդեն իսկ ունենք նամանավանդ հետազոտությունների տարիներով էկած ֆինանսի պակաս, ուրեմն բարի եղեք ծրագրային բյուջետավորման միջնաժամկետ ծախսերի ծրագրում հստակ դնել այդ խնդիրը և մինչև վերջ պնդել կառավարությունում ու բացատրել, որ էս խնդիրը մենք ունենում ենք շատ ավելի անընդհատական է։
Որքան ավելանում է պետպատվերի գումարներն, այդքան խորանում է այս խնդիրը։ Հին փասթաղթերով նոր մոդելը չի աշխատելու»։
Պետությունն այս տարի մոտ 118 միլիարդ դրամ է պետպատվերի համար հատկացրել, նախորդ տարի այդ գումարը շուրջ 112 միլարդ էր։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Մխոյան. «Չկոռումպացված» Արսեն Թորոսյանի ու նրա կնոջ կլինիկայի պետպատվերի գումարը հասնում է մեկ մլն դոլարի
- Կրճատվել է պետպատվերի քանակը, ինչի հետևանքով հաշմանդամություն ունեցող երեխաների առողջական վիճակը վատացել է. Ակցիա՝ ԱՆ դիմաց
- Առողջապահական պետպատվերի սպառման պատճառով մարդիկ զրկվում են անհետաձգելի բուժօգնությունից․ ՄԻՊ
- Քաղաքացիներին զրկում են պետպատվերով բուժումից, իսկ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքներին՝ ապահովում. Մանուկյան
- Մինչև 2022 թվական պետպատվերով բուժումները սառեցվել են. Yerevan.Today