Ահազանգ. «Չրչռի» մոտ բազում տրակտորներ ավերել են Աղստև գետի հունը, գետից մեծ քանակի քար և ավազ են հանում
Լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգում է.
««Նիկոլի թվին» Նիկոլ Փաշինյանի հայրենի Տավուշի մարզի բնությունն ավերում են.
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, Դիլիջան քաղաքի ոլորաններում, Դիիջանի ազգային պարկի տարածքում, դարավանդը ավերել, մեծ տարածք են քերել, հերթական սննդի օբյեկտը ստեղծել:
Հատուկ պահպանվող տարածքում ՝ ազգային պարկում, բոլորի աչքի առաջ կատարվել է մեծ անօրինականություն, սակայն պատկան պետական մարմիններն աչք են փակում, բնապահպանական մեծ խախտումներ կատարածը երևի «Նիկոլի թիմից» է։ Իջևան քաղաքից վերև, հայտնի «Չրչռի» մոտ բազում տրակտորներ ավերել են Աղստև գետի հունը, գետից մեծ քանակի քար և ավազ են հանում։ Նրանց տրված պետական, բնապահպանական արտոնագրի մեջ գրված է, թե գետից հանվողը «վերականգնվող» ռեսուրս է, սակայն դա իրականության հետ կապ չունի։
Եվ ամենագլխավորը, օգոստոսից 20-ից հաստիքների կրճատման կեղծ պատճառաբանությամբ լուծարում են Իջևանի բուսաբանական այգին՝ դենդրոպարկը։ Դենդրոպարկի 4 աշխատողների ամսական, ընդհանուր աշխատավարձի չափը 500 հազար դրամից պակաս է, այսինքն՝ մեկ երեսփոխանի ռոճիկի կեսից պակաս»։