Հիմա մի նախարար կարող է նստել ու որոշել, թե երբ ջուր բաց թողնեն Սևանա լճից․ Վարդանյան
Կառավարությունն օրերս հաստատեց Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրառի որոշումը։ Նախատեսվում է 2023 թվականին լճից բաց թողնել մինչև 240 միլիոն խմ ջրառ՝ օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն։ Պատճառը կրկին նույն է՝ հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտ կա։
Հարկ է նշել, որ նախկինում նման որոշումներն ընդունվում էր Ազգային ժողովի կողմից, այժմ որոշում կայացնողը Կառավարությունն է։ Ինչն, ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի, նորմալ չէ։
«Սևանա լճի պահպանության ռեժիմն ավելի խիստ էր, քանի որ ԱԺ-ով օրենք անցկացնելն ավելի դժվար պրոցես էր։ Հիմա գնալով Սևանա լճի պահպանության ռեժիմը դրվում է կասկածի տակ, քանի որ օրենքի փոփոխությունների նախագիծ կա, համաձայն որի ՝ բոլոր որոշումները պետք է կայացնի Կառավարությունը կամ նախարարությունը։ Սա նորմալ չէ,որովհետև որոշումների ընդունումն ԱԺ մակարդակից իջեցնում ենք նախարարության մակարդակի։ Քաղաքականությունը նահանջ է ապրում ՝ ավելի թուլացնելով Սևանի պահպանությունը»,- «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց Նազելի Վարդանյանը։
Պահպանության ռեժիմը թուլացվում է՝ լճի բացասական բալանսի, կլիմայական փոփոխությունների ու սակաջրության ֆոնին, երբ այս խնդիրների մասին խոսվում է շուրջ տարի։ Իսկ Սևանա լճի «ծաղկման» գործընթացը, թեև այս տարի դեռ չի սկսվել, սակայն, ջրի տատանումների, մասնավորապես՝ իջեցման ու ջերմաստիճանի բարձրացման պայմաններում կրկին կապտականաչ ջրիմուռների ակտիվացման ականատեսը կլինենք։
Բնապահպանները շարունակ պնդում են՝ Սևանա լճից ջրառն առհասարակ պետք է արգելել։
«Անունը դնում են երաշտ, գյուղատնտեսությանը պետք է, բայց այդ ջուրը չի հասնում գյուղացուն։ Այս առումով այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, չեն վերականգնվել ջրատարները և ճանապարհին ջրի կորուստ ենք ունենում։ Դրանից շահում է միայն Սևան-Հրազդանի կասկադը (ՀԷԿ-եր) , մնացած ոչ մի օղակում որևէ օգուտ չի լինում։ Փաստորեն Սևանը դատարկում ենք, մակարդակն իջեցնում ենք, լիճը սկսում է ծաղկել, իսկ գյուղացին այդպես էլ ջուր չի ստանում»,- ասաց Վարդանյանը։
ՀԿ ներկայացուցիչը կրկին նշում է՝ համակարգային լուծում է պետք՝ սկսելով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների խնդիրներից։
«Տարիներ շարունակ ձկնաբուծարանները վերցրել են արտեզյան ջրավազանի ջրերն ու օգտագործել ՝ առանց փակ ցիկլի և բազմակի օգտագործման։ Մենք այդ ջուրը լցրել ենք Արաքս գետը , որը հոսել է մեր «սիրելի» հարևան երկրներին։ Այսպես մեր հարստությունը նվիրել ենք ուրիշներին։ Այժմ արտեզյան ջրի մակարդակը 15 մետր իջել է, ինչի արդյունքում Ռանչպարի և Մխչյանի պոմպերը չեն աշխատում և չեն կարողանում ընդերքից ջուր հանեն ու տան գյուղացուն։ Բացի այդ, Սևանից մինչև Արարատյան դաշտ ամբողջ ոռոգման ցանցը շատ վատ վիճակում է և այդ ջուրը տեղ չի հասնում, ճանապարհին կորում է։ Այս օրինակ որոշումների կայացման արդյունքում զգալի վնաս է կրում Սևանա լիճը»։
Մասնագետներն անհանգստացան են, քանի որ լճի ջրի մակարդակի իջեցումը կարող է հանգեցել ճահճացման պրոցեսների արագացմանը, ինչը հղի է անդառնալի հետևանքներով։
«Փոխանակ պետական մակարդակով խիստ հսկողություն սահմանվի, տեսնում ենք հակառակը՝ ավելի թուլացնում են Սևանա լճի ռեժիմը։ Փաստորեն մի նախարար կարող է նստել ու որոշել, երբ ջուր բաց թողնեն Սևանա լճից, երբ՝ ոչ»,- ասաց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
- «Ժողովուրդ». Սևանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլև լիճը կանաչել է և տհաճ հոտ է գալիս
- Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան և հպարտությամբ խոսում են այդ մասին․ Անահիտ Գևորգյան