Ինչ վիտամիններ պետք է ընդունել գեղեցիկ արևայրուք ստանալու համար․ էնդոկրինոլոգի խորհուրդները
Էնդոկրինոլոգ, սննդաբան Էլվինա Բինատովան պատմել է, թե ինչ է հարկավոր գեղեցիկ արևայրուք ստանալու համար՝ միաժամանակ խուսափելով ջրազրկումից և մարմնի վրա այլ վնասակար ազդեցություններից։
Նրա խոսքով ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները լինում են փափուկ և կոշտ։ Դրանց ազդեցության տակ կոլագենը քայքայվում է։ Այդ իսկ պատճառով, ինչպես «Գազետա․ռու»-ի հետ զրույցում ասել է էնդոկրինոլոգը, արևի տակ երկար մնալուց առաջ անհրաժեշտ է պատրաստել մաշկը։
Բժիշկը նշել է, որ մաշկի հիպերպիգմենտացիայից խուսափելու համար անհրաժեշտ է մարմնի վրա ոչ միայն արևապաշտպան քսուք քսել, այլև բացառել ֆոլաթթվի, Բ12-ի և Բ3-ի դեֆիցիտը:
Ըստ Բինատովայի՝ շատ չոր մաշկ ունեցող մարդիկ պետք է ընդունեն պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին A, E, ցինկ և բավարար քանակությամբ ջուր։ Նա նախազգուշացրել է, որ վիտամին A-ի ավելցուկը նաև կարող է մաշկը չորացնել։
«Վիտամին A-ն մասնակցում է մաշկի և լորձաթաղանթների վերականգնման նորացման գործընթացներին, մաշկի սպիտակուցների սինթեզին ՝ կերատին, կոլագեն։ Կանխում է մաշկի վնասումը ուլտրամանուշակագույն ճառագայթումից, նվազեցնում է բակտերիաների քանակը», - ասել է փորձագետը։
Նա միաժամանակ նշել է, որ հակաօքսիդանտների առանձին ընդունումը ցանկալի արդյունք չի տալիս։ էնդոկրինոլոգի խոսքով՝ վիտամին A-ն պետք է ընդունել վիտամին C-ի, E-ի և սելենի հետ։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել օրական բավարար քանակությամբ սպիտակուցներ օգտագործել, քանի որ սպիտակուցի պակասի ֆոնին վիտամիններ և հանքանյութեր ընդունելն իմաստ չունի:
Էնդոկրինոլոգը նաև ասել է, որ պետք է հետևել ջուր խմելու կանոններին, քանի որ այն անհրաժեշտ է մաշկի խոնավության ճիշտ հավասարակշռության համար:
Մաշկը խոնավացնելու համար բժիշկը խորհուրդ է տվել նաև օգտագործել միզաթթվով և հիալուրոնաթթվով կրեմ։