Փաստեր՝ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է փաստեր, որոնք վկայում են Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումները կեղծ են։
«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։
Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։
Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ (Նկար 2` Սամվել Թորոսյանի դիպլոմը)։ Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ (Նկար 3` Սամվել Թորոսյանի՝ ուսանողի անձնական քարտը)։ Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (Նկար 4` Սամվել Թորոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։
Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին (Նկար 6` Երվանդ Թադևոսյանի հիմնական կրթության վկայականը)։ Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում (Նկար 7` Երվանդ Թադևոսյանի անձնագիրը)։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։
Կանխելու համար ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները՝ հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ: Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրացնել իրենց իրավունքները նաև այլ երկրներում: Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ սա նոր մոտեցում չէ, և նախընթաց տարիներին Արցախի Հանրապետության բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը:
Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,-նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ
- Զոհված զինծառայողների մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները․ ԱՀ պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան