Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 1-ին նշում է Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։
Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները:
Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը: