Բացառիկ վիրահատություն․ 9-ամյա երեխայի ստորին ծնոտից հսկայական գոյացություն են հեռացրել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն են արել՝ 9 տարեկան երեխայի ստորին ծնոտից հեռացնելով հսկայական չափերի գոյացություն։ Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
Նշվում է, որ ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա՝ ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման: Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է:
«Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով:
Բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի ղեկավարությամբ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը՝ ի դեմս Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժներ Ռոզա Կարապետյանի և Լուսինե Թովմասյանի, բարեհաջող կատարել է գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը:
Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով:
Նշենք՝ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Ցավալիորեն, նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում, և երբեմն անգամ դրանք հայտնաբերվում են պատահականորեն»,- նշված է ԲԿ-ի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան