Դատավոր Ռ․ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից հանելու կապակցությամբ
ՀՀ Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է դարձել:
Դատավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվանակի մարտի 20-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի մակագրությամբ՝ Ռ. Մխիթարյանը մեկ տասնյակից ավելի գործերով ընդգրկվել է տարբեր կազմերում՝ որպես դատական կազմի դատավոր:
Բացի այդ՝ դատավոր Ռ. Մխիթարյանը հայտնել է, որ դատական կազմերում ներգրավված լինելու մասին տեղեկացել է ներգրավվելուց հետո, ուստի իր կողմից որևէ համաձայնություն դրանցում ներգրավվելու մասով չի տրվել:
Հարկ ենք համարում նշել, որ դատական կոլեգիալ կազմերի ձևավորման, դատական գործերի բաշխման, ինչպես նաև համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատական գործերի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հնարապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված կարգով:
Ըստ նշված որոշման Հավելված 2-ի, 3-րդ գլխի 11-րդ կետի՝ դատարանների նախագահներն են փոխարինում դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։
Ստացվում է, որ ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգը շրջանցվել է, որի հետևանքով վատթարացնող իրավիճակ է ստեղծվել դատավոր Ռ. Մխիթարյանի համար՝ ավելացնելով նրա ծանրաբեռնվածությունը:
Դատական դեպարտամենտը կարևոր է համարում ևս մեկ անգամ ընդգծել վերոնշյալ որոշման պարտադիր բնույթը բոլոր համապատասխան պաշտոնյաների համար և հույս է հայտնում, որ Բարձրագույն դատական խորհրդի այս և այլ որոշումների դրույթներն այսուհետ անշեղորեն կկատարվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա