«Տրանսպորտի վիճակը վատ է, իսկ դրանից լկտի ձևով օգտվում են տաքսիները». Հարցում
Մայրաքաղաք Երևանում տրանսպորտի աշխատանքի բարելավման մասին հայտարարություններ հնչում են գրեթե ամեն օր։ Մեկը հայտարարում է նոր երթուղիների մեկնարկի, մյուսը՝ ավտոբուսում սառը լինելու մասին։
Panorama.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում տրանսպորտի աշխատանքը։
«Զարգանալու տեղ ունի, այնքան էլ պատշաճ չի ծառայությունը, բայց ամեն դեպքում նորմալ է։ Էնքան շատ չեն ավտոբուսներն ու բոլոր տրանսպորտային միջոցները, որ ժողովուրդը ուղղակի իրար գլխի են լցվում։ Շոգն է շատ նեղացնում, բայց կոնդիցիոների աշխատանքը կարգին է։ Նոր ավտոբուսների մեջ ամեն ինչ նորմալ է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ չնայած փոփոխություններին, շատ անհարմարություններ դեռ մնում են.
«Մի քիչ լավացավ, բայց ընդհանուր առմամբ շատ վատ է։ Մանավանդ՝ Երևանին կպած Ջրվեժ հասնում է, իսկ Ձորաղբյուր չի հասնում։ Շատ անհարմարություն են ստեղծում մարդկանց համար։ Տաքսիները դրանից շատ են օգտվում ու շատ լկտի ձևով, ես կասեի»։
«Լավացել է բավականին, հենց այսօր տրանսպորտով եմ եկել։ Նախ շատ մաքուր էր, հովացուցիչով, մի քիչ շատ էր հով, մրսեցինք, բայց շատ լավ էր։ Ես հուսով եմ, որ լավ է լինելու»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակիցներից մեկն էլ ասաց՝ վատ է աշխատում հասարակական տրանսպորտը, ուշ-ուշ է գալիս, եղել են դեպքեր, երբ սպասելուց հոգնած՝ թողել են ու տուն վերադարձել։
«Ո՞նց կարող է գոհ լինենք, ժամը մեկ մի տրանսպորտ է գալիս։ Հլը ջահելները գուցե, բայց մեր տարիքում շատ դժվար է։ Տրանսպորտում ոտքի վրա կանգնելու տեղ չկա, ես Աբովյանից եմ, կես ժամը մեկի փոխարեն՝ քառասունհինգ րոպեն մեկ են գալիս, ժողովուրդը ով ոնց կարում է գնում է, տրանսպորտը ձեռք չի տալիս։ Անհարմարություններ շատ կան»,-ասաց քաղաքացին։
Հարցման մասնակից մի կին էլ նշեց, որ դժգոհ է մարդկանցից.
«Անհարմարությունը ժողովուրդն է, որ իրար վրա են լցվում։ Մեկ է, ինչքան էլ անես, իրենք սովոր չեն լավ օգտվելու, գալիս գլխիդ վերևը կանգնում են, որ դու ելնես՝ ինքը նստի, կռիվ են անում, մեկը մյուսին հերթ չի տալիս, տեղ չի տալիս։ Նորից նույն ձևի, առջևից չեն թողնի, որ բարձրանաս, թե չէ ես դժգոհ չեմ, կատարելապես առաջադիմել ենք»։