Ճապոնիայում մոտ կես միլիոն մարդ տարհանման հրահանգ է ստացել տեղատարափ անձրևների պատճառով
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրեթե կես միլիոն մարդ տարհանման կարգադրություն Է ստացել երկրի այդ շրջանում շարունակվող տեղատարափ անձրևների պատճառով՝ կապված սողանքների ու գետերի վարարման վտանգի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ֆուկուոկա նահանգի Կուրումե քաղաքում առնվազն 115 հազար մարդ տարհանման կարգադրություն Է ստացել, իսկ հնարավոր հեղեղումների և սողանքների պատճառով սպառնալիքի մակարդակը հինգ բալանոց սանդղակով բարձրացվել է մինչև չորրորդ մակարդակ:
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Կումամոտոյի հարավ-արևմտյան պրեֆեկտուրայում, որտեղ մինչ այժմ կոչ է արվել տարհանել ավելի քան 360 հազար մարդու:
Նշվում է, որ Ճապոնիայի հարավ-Արևմուտքն ամեն ամառ բախվում է հորդառատ անձրևների, որոնք հանգեցնում են գետերի վարարումների, հսկայական տարածքների հեղեղումների, սողանքների և մարդկային զոհերի: