Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք. Վարդան Օսկանյան
«Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր միայն ու միայն բանակցում է Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տա, որն ընկալելի կլինի հայ ժողովրդի համար»,-ՀայաՔվեին միանալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը ընդամենը աշխատում է Ադրբեջանի պահանջները բավարարած լինելուվ հանդերձ, այնպիսի ձևակերպումներ տալ, որ հայ ժողովրդի համար ավելի ընկալելի լինի:
«Ադրբեջանն այսօր նույնիսկ դա թույլ չի տալիս, նա ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր բանակցությունները գնում են դրա շուրջ, այդ օրակարգում հայկական պահանջ չկա»,-հայտարարեց Օսկանյանը և, շեշտելով, որ պետք է դնել հայկական պահանջ, պարզաբանեց. «Բազմաթիվ այլ խնդիրներից առաջնային այդ պահանջում պետք է լինի հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ խորհրդային շրջանում ունեցած կարգավիճակի հարցի՝օրակարգում դնելը»:
Նրա կարծիքով՝ այդ փաստը պետք է լինի բանակցությունների օրակարագ՝ հիշեցնելով, որ դա էր 1991 թվականին Արցախի ժողովրդին հնարավորություն տվել ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե:
«Այդ փաստն օրինականացրեց և միջազգային հանրության համար ընդունելի դարձրեց իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար մարզ: Այն նոր հնարավորություն կտա քաղաքական և իրավական լուծումների գնալ բանակցությունների ընթացքում»,-ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Օսկանյանը վստահեցրեց, որ այն միջազգային հանրությունը միանգամից ընդունելու է, Ադրբեջանն էլ չի կարող այն ժխտել, իսկ եթե դեմ լինի դրույթն օրակարգ մտցնելուն, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առաջ է կանգնելու:
«Այս հարցի մերժումն, եթե օրակարգ մտնի, ապա այն արցախի ժողովրդին, միջազգային հանրության օգնությամբ, հնարավորություն է տալու, որ արդեն ձգտի անկախության: Սա միջազգային օրենքի տառն ու ոգին է»,-շեշտեց Օսկանյանը:
Նա ասաց, որ այդ ամենը հնարավոր է հանգիստ և խաղաղ անել՝ մտնելով լուրջ բանակցությունների մեջ, ոչ թե հապճեպ՝ պատերազմի սպառնալիքի տա, Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում ինչ-որ փաստաթղթի ստորագրման գնալ:
Հայտնելով, որ իր՝ որպես փորձառու, դիվանագիտական ճանապարհ անցած մարդու համար անհասկանալի է թվարկած փաստերի անետսումը և բանակցությունների ընթացքը՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք, բայց Փաշինյանը այդ ընթացքում պետք է լռի, ոչինչ չխոսի»:
Նա հայտարարեց, որ նույնիսկ պետք է բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի ապրելու անվտանգության հարցերի քննարկումը:
«Չի կարող նման հարց լինի: Ինչո՞ւ պետք է Արցախն Ադրբեջանի կազմում լինի, ե՞րբ է եղել այնտեղ: Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ չի եղել, Ադրբեջանի գոյության ընթացքում խորհրդային շրջանում է ընդամնեը եղել Ինքնավար մարզի կարգավիճակում և այդ շրջանն Ադրբեջանն իր սահմանադրությամբ չեղյալ է համարել»,-հայտարարեց ԱԳ նախկին նախարարը և պնդեց, որ այսօր լրջագույն այլընտարնք կա այն ամենին, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանելով այն մոտեցումը, թե խնդիրները լուծելու համար Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Այն օրը, երբ կլսեք, որ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ՝ գիծ քաշեք, Արցախ գոյություն չի ունենա՝ հատկապես նման պայմաններում՝ Նիկոլ Փաշինյանի նման փաստաթուղթ ստորագրելուց հետո, որովհետև այդ ժամանակ Ադրբեջանն արցախցիների հետ կխոսի միայն որպես՝ իր քաղաքացիների»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան