Թալիբներն Աֆղանստանում արգելել են գեղեցկության սրահների աշխատանքը
Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը (ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում) արգելք է սահմանել Քաբուլում և այլ նահանգներում գեղեցկության սրահների գործունեության վրա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Քաբուլի քաղաքապետարանին ուղղված նամակում։
«Քաբուլ քաղաքի և երկրի նահանգների մակարդակով կանանց գեղեցկության սրահներին արգելվում է որոշակի ժամկետում գործել, տրված լիցենզիաներն ու համաձայնագրերն անվավեր են», - նշվում է նամակում:
Ինչպես «Ռիա Նովոստի»-ին հայտնել են որոշ հաստատությունների սեփականատերերը, այսօրվա դրությամբ կանանց աշխատանքը գեղեցկության սրահներում ընտանիքների ապահովման միակ միջոցն է։
«Մեր տղամարդիկ աշխատանք չունեն, երբ տղամարդը չի կարողանում հոգ տանել իր ընտանիքի մասին, կանայք պետք է աշխատեն սրահներում... Ի՞նչ պիտի անենք, եթե գեղեցկության սրահները փակվեն»,- ասել է սեփականատերերից մեկը։
Սրահի մեկ այլ սեփականատեր պնդում է, որ Աֆղանստանի իշխանությունները պետք է աշխատատեղեր ստեղծեն տղամարդկանց համար, որ կանայք ստիպված չլինեն աշխատել: «Եթե տղամարդկանց աշխատանքի հնարավորություններ ստեղծեն, մենք նույնիսկ տնից դուրս չենք գա», - հայտարարել է սրահի սեփականատերը: