«Փաստ». Ինչպե՞ս մեկ ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ
«Փաստ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում, որով, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով»։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք է բերվում 180 ավտոբուս: Այսինքն, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը, ինչը նշանակում է, որ մեկ ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձել է 36,9 մլն դրամ:
Ի դեպ, նշենք, որ մոտ երեք ամիս առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման խնդրին, որը, հետաքրքիր «զուգադիպությամբ», հենց նշյալ 30 ավտոբուսի իրական արժեքն է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ այդմ, փաստաբան է վարձել նաև Երևանի նախկին քաղաքապետ, հիմա վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը:
Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայտնի փաստաբան Արամ Օրբելյանի մասին է: Ի դեպ, ըստ մեր իշխանական աղբյուրների, Սարգսյանը որոշ տեղերում ակնարկել է, որ եթե գործն ամբողջովին փորձեն բարդել իր վրա, կարող է իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ խոսել սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների շեմին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները