Ուկրաինան և ևս երեք երկիր Իրանի դեմ հայց են ներկայացրել Միջազգային դատարան
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Շվեդիան Իրանի դեմ համատեղ հայց են ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը խոցվել է 2020 թվականին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալու ժամանակ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է այս պետությունների դիվանագիտական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ կայքում։
«Մենք՝ Կանադան, Շվեդիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը ներկայացնող նախարարներս, մեր համատեղ ջանքերում կարևոր քայլ ենք կատարել՝ ապահովելու, որ Իրանը պատասխանատվություն կրի Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթի անօրինական կործանման համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը հիշեցնում է, որ Իրանը չի արձագանքել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին ներկայացված չորս երկրների՝ այս վեճը լուծելու համար արբիտրաժի խնդրանքին։
«Արդյունքում այս շաբաթ Հաագայում մենք համատեղ հայց ներկայացրեցինք Արդարադատության միջազգային դատարան՝ դրանով իսկ գործ հարուցելով Իրանի դեմ՝ 1971 թվականի քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունները ճնշելու մասին կոնվենցիայի խախտման համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Դրանում ասվում է, որ «Իրանը, ի թիվս այլ խախտումների, չկարողացավ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իր զինված ուժերի անդամների կողմից PS752 չվերթի ոչնչացումը կանխելու համար», ինչպես նաև «չկարողացավ իրականացնել լիարժեք, թափանցիկ և անաչառ նախաքննական և դատավարություն՝ համապատասխան միջազգային չափանիշներին»։
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 (Boeing 737-800) չվերթը կործանվել է Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքից անմիջապես հետո՝ 2020 թվականի հունվարի 8-ին: 176 զոհվածների թվում են Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարեցին, որ սխալմամբ խոցել են ռազմական օբյեկտի մոտ թռչող Boeing՝ ինքնաթիռը շփոթելով «թշնամու թիրախի» հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան ՄԱԿ-ում դատական հայց է ներկայացնում Իրանի դեմ՝ 2020 թվականին խոցված մարդատար ինքնաթիռի պատճառով
- Իրանը Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի «սև արկղերը» կփոխանցի Ֆրանսիային
- Իրանը Ուկրաինային չի հանձնի խոցված ինքնաթիռի «սև արկղերը»
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին