Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում․ ՀՀ-ն ՄԱԿ-ում հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվել է համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հայտարարությանը միացել էին ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետություններ։ Հայտարարությունը կարդացել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության ժամանակ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են ազգային, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ խտրականության դրսևորումներ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր: Հայտարարությանը միացող երկրները ևս մեկ անգամ հանձնառություն ստանձնեցին կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները։
Համատեղ հայտարարության մեջ շեշտվում էր, որ հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար:
ԱԳՆ-ն ներկայացրել է ամբողջական հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվոււմ է․
«Հարգելի պարոն նախագահ,
Պատիվ ունեմ ներկայացանելու այս հայտարարությունը ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետությունների կողմից։
Ողջունում ենք Հատուկ զեկուցող Նդերիտուին և վերահաստատում մեր շարունակական աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման և Պաշտպանելու պարտավորության հարցերով խորհրդականների գրասենյակի գործունեությանը:
Այս տարի նշում ենք Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցը: Այն մարդու իրավունքներին առնչվող առաջին փաստաթուղթն էր, որն ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ: Այս երկու փաստաթղթերը միասին ուրվագծեցին այն աշխարհի տեսլականը, որում ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ հանցագործությունները կկանխվեն և կպատժվեն:
Այս տարելիցը հնարավորություն է տալիս վերահաստատել մեր հանձնառությունը հասնելու այս նպատակին, ինչպես նաև մտորելու դրական փորձի և մարտահրավերների մասին, որոնք առնչվում են այս կոնվենցիայի կիրառմանը:
Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են խտրականության դրսևորումներ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր:
Մենք հանձ ենք առնում մոբիլիզացնել մեր քաղաքական կամքը՝ կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները, կիրառելով Գլխավոր քարտուղարի Մարդկության դեմ հանցագործությունների վերլուծական շրջանակը: Ցեղասպանության վտանգ պարունակող իրավիճակներին հստակ արձագանքման ձախողումը ոչ մի արդարացում չունի:
Մենք շեշտում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի, ներառյալ՝ այս Խորհրդի, Բարձր հանձնակատարի գրասենյակի, հատուկ զեկուցողների, պայմանագրային մարմինների դերը՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի այն ոտնահարումների վերաբերյալ տեղեկատվության հավաքման գործում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։
Հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականացնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան