Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը՝ Նարեն
Հունիսի 29-ին «Շենգավիթ» ԲԿ֊ում մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերով լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը Նարեն։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ հղիության ողջ ընթացքը և ծննդալուծումը անցել է առանց բարդությունների։
ԲԿ-ից նաև հայտնում են․
«Բնական ճանապարհով հղիացած փոքրիկի մայրը Նատալյա Դավթյանը ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար իր շնորհակալությունն է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ին և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանին առաջինը մեզ հետ կիսվելով ուրախալի նորության մանրամասներով։
Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։
Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե» -ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել մինչև զորացրվի։
«Ու էդպես, չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-պատմել է Հարութի մայրը Նատալյա Դավթյանը։
Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել. «Գիշերը շատ ուշ էր, տանը բոլորը քնած էին, մի փոքր մածուն կերա ու սրտխառնոց զգացի, առաջինը Հարութիս հետ եմ խոսել, ասացի տղաս, ուրեմն մի բան կա... նկարի հետ եմ խոսել, ինքն է իմացել առաջինը, մի քանի օր հետո արդեն թեստ արեցի համոզվեցի։ Ես միշտ ասել եմ, եթե դու ուզում ես, թող լինի, տղաս։ Եթե չէ, ուրեմն թող չլինի։ Ուրեմն, ուզում էր...»։
Մայրը Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռևս չի գտնում. «Հարութը ծնվեց թափանցիկ բառիս բուն իմաստով, շրթունքները կարմիր... հիպերակտիվ էր, կյանքով լեցուն։ Երբ փոքր էր, հայրն ասում էր ուշ ա, գնացեք քնեք առավոտյան դասի եք, ինքն ասում էր ախր, մարդ էլ կյանքից, ժամանակից կտրամադրի՞ քնելու համար... չգիտեր, որ հավերժ քնելու է... Հարութը յուրահատուկ էր, մենակ բախտ չուներ Հարութս... 7 տարի պարի ա գնացել, 5 տարի` շվիի... նպատակասլաց էր շատ... բացի ճակատագրից, ինչ էլ վերցնի քույրիկը Հարութից, չի տուժի»։
Շնորհավորում ենք ծնողներին, իսկ փոքրիկ Նարեին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն»։
Նշվում է նաև, որ Նարեն ու մայրը արդեն տանն են։
Հարակից հրապարակումներ`
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
- Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Պավլիկ Մանուկյանի քույրը՝ Էմմին
- Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան