«Հրապարակ». Երևանի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց նաև Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել և զբաղվել Ավինյանի լոբբինգով։
Քարոզարշավի մեկնարկը տվեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երևում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգևորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, և առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երևանի հաղթանակը կենսական նշանակություն ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները